News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ապարանում արյունալի միջադեպի մասին տեղյակ է եղել պարեկային ծառայության պետը:

Այս մասին լրագրողներին հայտնեց սպանված երիտասարդների հարազատների բողոքի ակցիային միացած դեպքի ականատես, Ռաֆիկ անունով ապարանցի տաքսու վարորդը, ում ևս ծեծի էին ենթարկել փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։

«Աշխատանքի մեջ գտնվելով զգացել եմ, որ մի քանի մետր այն կողմ կռիվ է, մոտեցել եմ՝ թվացել է, որ լուրջ բան չկա։ Գոռգոռում էին միմյանց վրա։ Նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը: Տեղափոխվում է այդ ամեն ինչը Ապարանից դուրս, նորից նույն ձեւի բղավոցներ, կրակոցա հնչում, ես ներկա էի, փորձում էի հանդարտեցնել»,-լրագրողների հետ զրույցում նշել է դեպքի ականատեսը։

Նա նաև հայտնել է, որ հաջորդ օրն իրեն փոխմարզպետին պատկանող գալալցակայան են կանչել իր հարևանները՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները, որտեղ և ինքը ծեծի է ենթարկվել։

«Այնտեղ տեսնում եմ իմ հարեւաններին` Փարվանյան Ռոմանին եւ Վոլոդյային, նախորդ օրվա երեք հոգուն եմ տեսնում եւ ուրիշների, որոնց չեմ ճանաչում: Դրանից հետո ինձ խփում են, ես այդտեղից հետո հեռանում եմ: Այնտեղ լինում է մի տղամարդ ներկայանում է Գրզո անունով»,-ասաց նա:

Նշենք, որ «Գրզո» մականունով տղամարդը ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրն է:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

18-ամյա Հրաչյա Երեմյանը եւ Տիգրան Ղազարյանը, որոնք դասընկերներ են, նույնպես այդ միջադեպի հետեւանքով վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում։ Հրաչյան, ըստ ապարանցիների՝ առաջիկա օրերին  պետք է զորակոչվեր բանակ, իսկ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ լինելու պատճառով ազատված է բանակից։ Նրան խնամում է տատը։ Մյուս երկու վիրավորները նույնպես Ապարան քաղաքի բնակիչներ են, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանց 32-ամյա Սասուն Հայրապետյանն ու 33-ամյա Արմեն Բաղդասարյանն են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ