News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում թեժ քաղաքական աշուն է սպասվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` դա բացատրելով նրանով, որ մոտենում է վերջին աշնանային շրջանը խորհրդարական ընտրություններից առաջ:

«Քաղաքական ուժերը պատրաստվում են երկրի խորհրդարանական ընտրություններին, իսկ դա նշանակում է նոր իրադարձություն եւ նոր զարգացում»,- նշել է նա:

Խոսելով նոր քաղաքական ուժերի առաջացման եւ արդեն գոյություն ունեցող միությունների եւ խմբավորումների միավորման հավանականության մասին` Բոզոյանը նշել է, որ ոչինչ բացառված չէ: «Մենք այն ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ամեն ինչ հնարավոր է: Դեպքերը շատ արագ են զարգանում, եւ ես հավանական եմ համարում նոր քաղաքական միավորումների առաջացումը»,- շեշտել է քաղաքագետը: Նրա խոսքով, այսօր հայ հասարակության մեջ տիրում է հիասթափություն, ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական պահանջների չբավարարվածություն:

Փորձագետը գտնում է, որ հասարակությունը լուրջ փոփոխություններ է ակնկալում, եւ դա կարող է նման իրադարձությունների խթան հանդիսանալ: «Այսօր գոյություն ունեցող ուժերը չեն արտահայտում հասարակության լայն զանգվածների շահերը: Մարդիկ «մասնատված են» տարբեր խմբերի միջեւ, ոմանք` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմնակիցներ են, սակայն այդ բոլոր ուժերը չեն վայելում լայն զանգվածների համակրանքը: Այդ առումով ես հավանական եմ համարում նոր ուժերի կամ նոր կազմով խմբավորումների առաջացումը, որը կդառնա գլխավոր քաղաքական կենտրոնը»,-իր կարծիքն է հայտնել քաղաքագետը:

Պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե ինչպիսի գաղափարախոսությամբ (ժողովրդավարություն, ազատականություն, պահպանողականություն եւ այլն) կառաջնորդվեն նոր առաջացած քաղաքական ուժերը` փորձագետը շեշտել է, որ այդ առումով գաղափարական կանխատեսումներ չի կարող անել: «Հայաստանում դրանք բոլորն աղավաղված են, այս կամ այն բնորոշումները մարդկանց կարող են շփոթության մեջ գցել: Այսօր, օրինակ, իրեն լիբերալ անվանող քաղաքական ուժը երկրում իրականացնում է խիստ հակալիբերալ տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն:  Աշխարհում լայնորեն հայտնի այդ բնորոշումները մեր երկրում աղավաղված են ներկայացվում եւ ոչ մի ընդհանուր բան չունեն համաշխարհային ընկալումներ հետ:

Ես միայն կարող եմ ասել, որ եթե առաջանա նոր քաղաքական կենտրոն, ապա դա պետք է ռադիկալ ձեւով փոխի երկրում տարվող քաղաքականությունը եւ նոր հայեցակարգ մշակի: Այդ դեպքում մեծ հավանականություն կա, որ նման քաղաքական ուժը հաջողությունների կհասնի իր բոլոր ձեռնարկումներում»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ