News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին բարեգործական հիմունքերով կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում, որի շրջանակներում «Սևան» ՔԿՀ-ն հյուրընկալել էր «Նարեկացի» նվագախմբին՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։

Նվագախմբի մենակատար, երգիչ-երգահան Սմբատ Խալաթյանի կատարմամբ հնչել են ժողովրդական, հայրենասիրական երգեր հայ անվանի այնպիսի աշուղների երգացանկից, ինչպիսիք են Սայաթ-Նովան, Շերամին, Ջիվանին, Հայկազունին և այլք։ Ներկայացվել են նաև անսամբլային գործիքային կատարումներ։

Միջոցառման կազմակերպման նպատակն էր անազատության մեջ գտնվող անձանց հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական, աշուղական երգին ու երաժշտությանը՝ մեկ օրով նրանց կտրելով առօրյայից և պարգևելով հոգևոր բավականություն, ինչը, հիմնարկի պետ Գ․ Հովհաննիսյանի խոսքով, իրականացվեց և ավարտվեց հաջողությամբ։

Դատապարտյալները շնորհակալության և երախտիքի խոսքեր են հայտնել հիմնարկի պետին, նվագախմբի անդամներին՝ օրը հիշարժան և լիարժեք դարձնելու համար։ Նրանք հույս են հայտնել նաև, որ ապագայում նման միջացառումներ կրկին կկազմակերպվեն։

Միջոցառման ավարտից հետո «Նարեկացի» նվագախումբը հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ այցելել է հիմնարկի Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ Սմբատ Խալաթյանը հանպատրաստից կատարել է Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոն»։

Տպել
Ամենաշատ