News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՔՈԱՖ-ի 12-րդ ամենամյա ամառային ֆոնդհայթայթման երեկոյին, որ կայացավ հունիսի 22-ին, Ստեփանակերտում Երեխայի եւ ընտանիքի կենտրոն հիմնելու նպատակով հավաքագրվել է 125.000 ԱՄՆ դոլար։ Հատկապես պատերազմից հետո Արցախի հասարակությունը նմանատիպ կենտրոնի կարիքը շատ ունի։

Ավելի վաղ՝ տարվա ընթացքում, բարերարներ Վիկտոր Ծառուկյանն ու Ջուդիթ Սարյանն արդեն նվիրաբերել էին 150.000 ԱՄՆ դոլար այս նույն նախաձեռնության համար, քանի որ Արցախում սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական ծառայություններ մատուցող ու նախադպրոցական տարիքի երեխաների կրթությունն ապահովող կենտրոնի կարիքը շատ կա։

Տարիներ շարունակ ՔՈԱՖ-ն ապահովել է հոգեբանական եւ լոգոպեդական ծառայությունների, սոցիալական աշխատանքի ու երեխաների վաղ կրթության հասանելիությունը Հայաստանի՝ այդ հնարավորություններից զուրկ գյուղերում։ 16 տարիների ընթացքում ՔՈԱՖ-ի երեխայի եւ ընտանիքի ծառայությունները սոցիալական աշխատանքի, հոգեբանական ու լոգոպեդական ծառայություններ է մատուցել, մանկան զարգացման ծրագրեր առաջարկել ավելի քան 20 գյուղերի 6500-ից ավելի երեխաների։

2021թ. Արմավիրի մարզի Հացիկ գյուղում Երեխայի եւ ընտանիքի առաջին կենտրոնի բացմամբ հիմնադրամը մեկ տանիքի տակ կենտրոնացրեց գյուղաբնակների կարիքների բավարարման ու կյանքի որակի բարձրացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Հացիկի Երեխայի եւ ընտանիքի կենտրոնն իր բացումից ի վեր ծառայել է շուրջ 150 մարդու։

Նմանատիպ կենտրոնի հիմնումն Արցախում պատերազմի հետեւանքներից տուժած արցախահայությանը հնարավորություն կտա՝ ստանալու անհրաժեշտ աջակցություն իրենց ավելի լավ ապագան կառուցելու համար։

«Երեխաների կրթությանը եւ մտավոր զարգացմանը նպաստելով՝ ՔՈԱՖ-ը ձգտում է իր դրական ազդեցությունն ունենալ մի ողջ սերնդի անձնական ու մասնագիտական աճի վրա,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը,- եւ այս տարվա ամառային ֆոնդհայթայթման երեկոյի առատաձեռն նվիրատուների աջակցությամբ կկարողանանք կրկնել Արմավիրի հաջողությունն Արցախում՝ կրթության ու զարգացման հնարավորություններ տալով ավելի քան 250 հոգու»։

Այս տարվա ամառային երեկոն համավարակից հետո առաջին ոչ վիրտուալ միջոցառումն է, որին մասնակցեցին շուրջ 225 հյուրեր ԱՄՆ-ից։ Միջոցառմանն աջակցեցին նաեւ ԱՄՆ-ի հայկական բիզնեսներ՝ Tacori զարդերի բրենդը, WearArmenia հագուստի բրենդը, որոնք իրենց վաճառքի հասույթը նվիրաբերեցին ՔՈԱՖ-ին։ Միջոցառման հյուրերը նաեւ վայելեցին Storica գինիներ։ Եվ իհարկե, միջոցառման ամենահետաքրքիր մասերից մեկն էլ այն էր, որ հյուրերը հնարավորություն ունեցան հանդիպելու Արտենի գյուղից ՔՈԱՖ-ի շրջանավարտ 20-ամյա Միլենա Անտոնյանին ու լսելու ՔՈԱՖ-ի հետ անցած նրա ուղու մասին։

Եթե ցանկանում եք աջակցել ՔՈԱՖ-ին Երեխայի եւ ընտանիքի կենտրոններ հիմնել Հայաստանում ու Արցախում, կարող եք նվիրատվություն կատարել coaf.org կայքում։

Տպել
Ամենաշատ