News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Անգամ վրացիները չեն կարող ասել, թե քանի օրում կվերանորոգեն Վերին Լարսի ճանապարհը, որը վնասվել է հեղեղումներից: Լարսի փակվելը շատ վնասներ կպատճառի թե՛ արտահանողին, թե՛ գյուղացուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի նախագահ Էմիլ Ստեփանյանը: 

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ամենաշատը տուժելու է գյուղացին, քանի որ բերքը չի կարող սպասել, թե երբ կբացվի Վերին Լարսի ճանապարհը:

«Արտադրողը չի կարող ապրանքը փոխանցել արտահանողին: Բայց ամենածանը գյուղացու վիճակն է, որովհետև արտահանողը կհրաժարվի մի բանից, այլ բան կտանի, կամ էլ ուղղակի չի տանի, շահույթ չի ստանա: Գյուղացու վիճակը բավականին դժվար է լինելու: Գյուղացին ունի բերք, որը փչանում է, որը ընդհանրապես չի կարող սպասել»,– ասաց նա:

Ըստ Էմիլ Ստեփանյանի՝ գյուղացին ստիպված կլինի չիր պատրաստել չարտահանված ծիրանով, բայց ամեն ծիրան չի, որ չիր է դառնում: «Կա՛մ էլ գինը այնքան կիջնի, որ ի վնաս գյուղացուն, կիրացվի Հայաստանում: Հիմա պետք է հրատապ որոշումներ կայացվեն: Օրինակ՝ պետք է կազմակերպվի ծիրանի փառատոն, կամ ծիրանի վաճառք: Հիմա գյուղացուն պետք է թույլատրեն բերքը բերել քաղաք, վաճառել: Պետք է կարողանան ինչ-որ կերպ լուծել խնդիրը»,- ասաց Էմիլ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։

NEWS.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ՝ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Նախարարությունից հավելել էին, որ ժամկետներ այս պահին հնարավոր չէ նշել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ