News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 25–ին Ապարանում կրակոցների հետևանքով մահացածների եւ տուժածների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբորորդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջորդի Կառլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, որն Ապարանում հայտնի է որպես «Գռզո»:

Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ: Նրանց խոսքով` պատգամավորի եղբայրը վիճաբանության օրը ներկա է եղել փոխմարզպետ Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում:

Հարազատների պնդմամբ` վիճաբանությունից մեկ օր անց փոխմարզպետի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող», զանգահարել է միջադեպի բոլոր մասնակիցներին եւ պարզաբանման համար կանչել գազալցակայան:

Հարազատների պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նախ՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին, ով մանրամասներից խուսափեց` ասելով միայն.

– Ես պնդում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որեւիցե մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախորդող ու թե՛ հաջորդող հարցերի հետ:

Ասում են, որ Ձեր եղբայրը ջնջել է տվել գազալցակայանի այդ օրվա տեսագրությունները:

– Դա գազալցակայան է, ցանկացածս կարող ենք լինել այնտեղ: Դրա տեսագրությունն էլ կա: Քննչական մարմինը կհրապարակի, ու դուք կտեսնեք, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել եւս` իմ եղբոր մասնակցությամբ:

Իսկ փորձե՞լ եք գնալ եւ զրուցել սպանվածների հարազատների հետ:

– Ես շատ մեծ ցանկություն եմ ունեցել գնալու տղաների հուղարկավորությանը, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ իմ գնալը շատ ավելի կբորբոքի նրանց վիշտը, որոշ ժամանակ է պետք, որ ամեն ինչ ջրի երես դուրս գա: Մենք, վստահեցնում եմ, մեղավոր չենք այս ողբերգության մեջ:

Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւս չցանկացավ շատ խոսել՝ պատճառաբանելով.

– Նախ ասեմ, որ իմ հարազատ եղբոր մասին չէ խոսքը: Իմ ազգականներից մեկը եղել է միջադեպի ականատես, ով գտնվում է իրավապահների տիրույթում, չի փախել, չի խուսափել ասել այն, ինչ տեսել է: Ավելին՝ կարող եք տեղեկանալ նախաքննական մարմիններից:

Պարոն Փարվանյան, ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Ձեր ազգականները հեռանան Ապարանից:

– Էմոցիոնալ հայտարարություններ են, ոչ ոք մեզ չի կարող նման բան ասել, այս ամենն ուղղորդված է, ինչի մասին է խոսքը: Թե ում կողմից եւ ոնց, պատասխանը կտա Քննչական կոմիտեն` քննության ավարտին:

Փորձե՞լ եք հանդիպել սպան- վածների հարազատների հետ:

– Իհարկե, եկեք չմանրամասնեմ, համբերենք, թող քննությունը վերջանա, ամեն ինչ կպարզվի, բոլորն էլ իրենց արժանի պատիժը կստանան: Իսկ այն մարդիկ, ովքեր իրականում հրահրել են այս ամենը, քննության ավարտին, վստահ եմ, արժանանալու են ոչ միայն քրեական պատասխանատվության, այլ նաեւ՝ հանրային պարսավանքի: Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ