News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել ռազմամարզական ճամբարի բացումը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական  փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում, որը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:

Ճամբարի մասնակիցները նախարարին դիմավորել են շարահրապարակում, որտեղ էլ Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին. «Սիրելի՛ աշակերտներ, այս տասն օրվա ընթացքում գործնական պարապմունքների միջոցով պետք է ամրապնդեք տեսական ձեր գիտելիքները: Ձեր կրթության որակից, մտածելակերպից ու քայլերից է կախված մեր երկրի ապագան, քանի որ դուք եք մեր վաղվա օրը: Այստեղ ձեռք եք բերելու այնպիսի հմտություններ, որոնք ապագայում ձեզ հնարավորություն են ընձեռելու ավելի հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և վստահ քայլել դեպի առաջ»:

Մարզառազմական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական  գիտելիքների, դրանց համապատասխան հմտությունների զարգացումն ու գործնական պարապմուքներով ամրապնդումն է: Պարապմունքները նպաստելու են աշակերտների իրավիճակային կողմնորոշման և նախաձեռնողականության զարգացմանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների (կարգապահություն, պարտականությունների կատարման պատասխանատվություն և այլն) բարձրացմանը, տեղորոշման հմտության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին:

«Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու: Ուսումնասիրելու ենք ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլն: Չնայած առաջին անգամ եմ մարզառազմական ճամբարում, բայց վստահ եմ՝ հետաքրքիր ու արդյունավետ 10 օր եմ ունենալու»,- ասել է Արամայիս Վարդանյանը:

«Մարզառազմական ճամբարի ծրագիրը կառուցվել է հիմնականում գործնական պարապմունքների հիման վրա: Ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Ներկայում ծրագիրը փորձարկումների փուլում է և արդյունքներով պայմանավորված՝ կլրամշակվի»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը:

Հավելենք նաև, որ ճամբարի բացման արարողությունից հետո նախարար Վահրամ Դումանյանը շրջել է վարժարանում, ծանոթացել աշակերտների կեցության պայմաններին, հետևել գործնական պարապմունքներին ու վարժանքներին, զրուցել ճամբարի մասնակիցների հետ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ