News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:

Ցավով պետք է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը համալրեցին նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտության ճակատագրին արժանացած զինծառայողներ, նրանց թվում՝ գերեվարվածներ, որոնց վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա բացակայությունը արժենում են անդառնալի հետեւանքներ՝ մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր, ինչպես նաեւ պարունակում են նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ մշտապես օգտագործում եմ իմ բոլոր լծակները՝ բարձրաձայնելով եւ խթանելով մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների միջազգային կառույցների խողովակներով անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման եւ գերիների վերադարձման հարցերը։

Իսկ պետության ուղղակի պարտականությունը պետք է լինի օր առաջ վերադարձնել մեր գերիներին՝ կեղծ օրակարգեր շրջանառելու փոխարեն, ինչպես նաեւ մշտապես սատար լինել բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը»։

Նշենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր, որ մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։

 

Տպել
Ամենաշատ