News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Փոխնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները՝ այդպիսով ընդգծելով համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Բենինի Հանրապետությունում հայկական սփյուռքը մեծապես նպաստում է այնտեղ Հայաստանի մշակույթի, ավանդույթների և պատմության տարածմանն ու հանրահռչակմանը:

Դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հետագա ընդլայնված համագործակցության միայն սկիզբն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հնարավոր հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է դեսպանը, իրենց նախատեսած ծրագրերի առանցքում առաջին տեղում կրթությունն է:

Կողմերն անդրադարձել են բուհերի միջև համագործակցության, ուսանողների՝ գիտական համաժողովների մասնակցության, համատեղ նախագծերի իրագործման հնարավորություններին:

Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն հետաքրքրվել է օտարերկրացի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսանելու պայմանների մասին, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ բուհեր ընդունվելու ընթացակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանը օտարերկրյա ուսանողների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի:

Քննարկվել են նաև մշակույթի, սպորտի, երիտասարդության բնագավառներում փոխադարձ ներուժի իրացման հեռանկարները: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել և ընդգծել՝ նախարարությունը բաց է և պատրաստ՝ ցանկացած խնդրի լուծմանն օժանդակելու հարցում:

Տպել
Ամենաշատ