Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացմանը եւ հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, հողերի մշակության եւ կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր:
Կարեւորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը:
Վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ:
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձեւավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն: