News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան վերադառնում է բալկանյան երկրներ՝ Եվրամիության հաշվին տարածաշրջանում իր տնտեսական եւ քաղաքական ներկայությունն ամրապնդելու համար, կարծում է քաղաքական վերլուծաբան Նիկոլա Միկովիչը։

ԵՄ ընդլայնման դանդաղ տեմպերի պատճառով տարածաշրջանի երկրները, որոնք տարիներ են անցկացրել դաշինքի «սպասասրահում», այլընտրանքներ են փնտրում, եւ դա դուռ է բացել այլ «իշխող միջնորդների» առաջացման համար, ինչպիսին Թուրքիան է, գրում է Միկովիչն Arab Weekly-ի համար վերլուծության մեջ:

Անցյալ շաբաթ եվրոպացի առաջնորդներն Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի անդամակցության կարգավիճակ տրամադրելու իրենց որոշումը «պատմական պահ» անվանեցին։ Մնաց չասված, թե որքան ժամանակ կարող է անցնել մինչեւ վերջին «պահը»։

ԵՄ մյուս թեկնածու երկրները տարիներ, նույնիսկ տասնամյակներ մնում էին ԵՄ «հավերժական սպասասրահում»: Դա ոչ միայն կասկածներ առաջացրեց Արեւելյան Եվրոպայի երկրների համար ԵՄ-ի գրավչության վերաբերյալ, այլեւ դուռ բացեց տարածաշրջանային այլ ազդեցիկ դեմքերի ի հայտ գալու համար:
Դիտարկենք Թուրքիայի դերը Արեւմտյան Բալկաններում:

Թեեւ Արեւմտյան Բալկանները շարունակում են ամուր կերպով արմատավորված մնալ Բրյուսելի եւ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ուղեծրում, Անկարան արագորեն ձգտում է իր տնտեսական ևամրապնդել իր քաղաքական ներկայությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան եւ Բոսնիա ու Հերցեգովինան:

Ժամանակին կապված լինելով Օսմանյան կայսրությամբ՝ Թուրքիան եւ Բալկանները ընդհանուր պատմություն ունեն: Բայց նրանք նաեւ այն երկրների տխրահռչակ ակումբի անդամներ են, որոնց ԵՄ-ն թեկնածուի կարգավիճակ է տվել, բայց, որոնք համբերատար սպասում են, Թուրքիայի դեպքում, 1999-ից ի վեր, սակայն՝ զուր:

Այսօր ԵՄ անդամակցությունը կարծես կորած հավակնություն է Անկարայի եւ դրա բալկանյան դաշնակիցների համար: Բալկանյան երեք երկրներ՝ Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան, սկսել են «Բաց Բալկաններ» նախաձեռնությանն ինտեգրվելու իրենց սեփական գործընթացը, որին շատ տարածաշրջանային առաջնորդներ որպես ԵՄ անդամակցության փոխարինող են դիտարկում:

Թուրքիան, իր հերթին, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, եւ Բալկանները կարեւոր դեր են խաղում այս ռազմավարության մեջ։ Անկարան արդեն ազատ առեւտրի համաձայնագրեր է ստորագրել Արեւմտյան Բալկանների բոլոր պետությունների հետ եւ այդպիսի գործարքների արդյունքում անշեղորեն մեծացնում է իր տնտեսական կշիռը։

Օրինակ՝ Թուրքիայի եւ Սերբիայի միջեւ երկկողմ առեւտուրը՝ Արեւմտյան Բալկաններում ամենամեծ տնտեսությունը, 2021 թ. մոտ 2 միլիարդ դոլար էր կազմել. Սպասվում է, որ մինչեւ այս տարեվերջ այն կաճի ավելի քան երկու անգամ՝ մինչեւ 5 մլրդ դոլար։ Վերջին տասնամյակում թուրքական ներդրումները Սերբիայում եւս աճել են՝ 1 միլիոն դոլարից հասնելով 300 միլիոն դոլարի:

Ակնկալվում է, որ նման համագործակցությունը միայն կընդլայնվի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է շուտով այցելել Սերբիա, իսկ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս տարածաշրջանում էր՝ Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Խորվաթիայի ղեկավարների հետ հանդիպելու համար: Չավուշօղլուն այցելել է նաեւ Կոսովո։

Սակայն, չնայած Կոսովոյի կարգավիճակի շուրջ տարաձայնություններին, եռակողմ գործընկերությունը լավ է ընթանում: Շուտով Անկարան պատրաստվում է ընդունել Թուրքիա-Բոսնիա-Հերցեգովինա-Սերբիա գագաթաժողովը, իսկ տեղի ղեկավարները բարձր են գնահատել Թուրքիայի դիվանագիտությունը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը վերջերս Էրդողանին «մեծ պետական ​​գործիչ» է անվանել, ով հասկանում է իրավիճակը բալկանյան երկրում։

Չնայած Անկարան հակված է որպես բալկանյան մուսուլմանների հովանավոր ներկայանալ, հատկապես՝ Բոսնիայում, Թուրքիան իրականում ավելի մեծ ուշադրություն է դարձնում տնտեսական համագործակցությանը: Սերբիայում Անկարան գործարաններ է բացել եւ ներդրումներ կատարել բիզնեսներում, մինչդեռ Բոսնիայում այն կենտրոնացած է մզկիթների վերականգնման եւ  բոսնիացիների հետ մշակութային կապերի խորացման վրա, որոնք երեք բնիկ էթնիկ խմբերից մեկն են:

2019-ին  Սերբիան նույնիսկ թուրքական ոստիկանությանը հնարավորություն տվեց գործել իր տարածքում։ Թեեւ Սերբիայում թուրք ոստիկանները զինված եւ լիազորված չեն, ինչպես տանը, որոշ իրավապաշտպան կազմակերպություններ մտավախություն ունեն, որ Սերբիայի վրա ճնշում կգործադրվի՝  Էրդողանի քննադատներին, այդ թվում՝ քուրդ ակտիվիստներին, Անկարա արտահանձնելու համար:

Այդպիսի մտավախություններն անհիմն չեն։ 2017-ի դեկտեմբերին՝ Սերբիայի եւ Թուրքիայի միջեւ համատեղ ոստիկանական պարեկային ծառայության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից երկու տարի առաջ, Բելգրադը Թուրքիային արտահանձնեց քուրդ քաղաքական գործիչ Ջեւդեթ Այազին։ Սերբիայի իշխանություններն այժմ խնդրում են մեկ այլ քուրդ ակտիվիստի՝ Էջեւիթ Փիրօղլուին արտահանձնել Թուրքիա, որտեղ նա հետախուզվում է ահաբեկչության հետ կապերի կասկածանքով։

Սերբիան միակ բալկանյան երկիրը չէ, որին Թուրքիան սիրահետում է: Անկարայի ուշադրությունը գրավում են նաեւ տարածաշրջանի այլ պետություններ։ Դրա վառ ապացույցն են վերջին ներդրումները ԶԼՄ-ներում: Այս ամիս թուրքական հանրային հեռարձակող TRT-ն բալկանյան ծառայություն գործարկեց՝ «Թուրքիայի ձայնը» տարածաշրջան հասցնելու համար: Սերբիայից եւ Բոսնիայից բացի, լրատվական հարթակը քաղաքական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական քոնթենթ կհասցնի Խորվաթիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Կոսովո և Չեռնոգորիա:

Ազդեցության այսպիսի բացահայտ ընդլայնումը, հավանաբար, կմտահոգի ԵՄ անդամներին: 2018 թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ դեմ է «Բալկանների շրջադարձին դեպի Թուրքիա կամ Ռուսաստան»։ Չնայած նրա մեկնաբանություններն ուղղված էին ոչ այնքան Բալկանների հնարավորություններին, որքան ԵՄ-ի ներքին խնդիրներին, փաստը մնում է փաստ՝  Թուրքիայի էքսպանսիան դուր չի գա ԵՄ շատ մայրաքաղաքների, ե դժվար թե եվրոպական տերությունները թույլ տան Թուրքիային վտանգի ենթարկել իրենց շահերը տարածաշրջանում: Այսպիսով, Բալկանները Թուրքիայի դարպասը  կմնա դեպի Եվրոպա, սակայն Անկարան մոտ ապագայում տարածաշրջանի խոշորագույն տնտեսական խաղացող չի դառնա։

Այնուամենայնիվ, ԵՄ ընդլայնման դանդաղ տեմպերը դուռ բացեցին Թուրքիայի համար։ Տարածաշրջանի երկրները, ավելի ու ավելի հոգնելով դեպի Եվրոպա անվերջ թվացող ճանապարհից, այլընտրանքներ են փնտրում ԵՄ սպասասրահում հավերժ սպասելուն: Մեծ հավակնություններ ունեցող բալկանյան փոքր երկրների համար Թուրքիայի հետ ավելի սերտ կապերը կարող են ավելի գրավիչ լինել, քան քաղաքական քավարանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ