News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

2022 թ. հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էր յոթանասունյոթ հրատարակություն ԱՊՀ ութ երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ադրբեջան):

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի ազգային գրադարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը նախապես ընտրել է մրցույթին ներկայացվող գրքերը:

Նշենք, որ միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր:

Արդյունքում՝ հայ հրատարակիչների ինը գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։

«Իմ երկիրը» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան։ Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում «Առաջին մրցանակ» է ստացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

«Գիտություն և կրթություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

«Արվեստի գիրք» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգում «Երկրորդ մրցանակ»-ը շնորհվել է «Из древне-армянских легенд и преданий» հրատարակությանը (Երևան, «Տիգրան Մեծ», 2022 թ.):

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի են արժանացել  «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.):

Հավելենք, որ «Հատուկ մրցանակ» է ստացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյումեգ», 2020 թ.):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ