News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Այն ժամանակ դեռեւս չընդունված նոր Քրեական օրենսգրքում իշխանությունը միտումնավոր է կատարել փոփոխություն, որպեսզի շարունակի Ավետիք Չալաբյանին ապօրինի կերպով կալանքի տակ պահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արթուր Հարությունյանը:

 «Եթե իրենք մեկ տարի առաջ կարծում էին, որ այդ հոդվածը պետք է ապաքրեականացվի, բայց 11 ամիս անց որոշեցին փոփոխություն անել, փաստում է, որ ցանկանում են Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով անազատության մեջ պահել: Արդարադատության նախարարությունն այդ հարցը պետք է դներ քննարկման, պետաիրավական հանձնաժողովի կարծիքն ունենար, այդ ամենը երկար գործընթաց էր՝ մինչդեռ այն արվել է անգամ առանց փաստաբանական թիմի իմացության»,- նշեց Հարությունյանը:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանի խոսքով էլ՝ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին նկատմամբ երեք տարվա ազատազրկման փոխարեն պետք է կիրառվի մեկ տարվա ազատազրկում՝ որպես բարելավվող մաս

«Ավետիք Չալաբյանին մեղսագրվում էր ՔՕ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որը ենթադրում էր որակյալ հանցակազմ՝ բաղկացած երկու եւ ավել մարդկանցից: Նոր օրենսգրքով որակյալ հանցակազմ չկա, եւ արդեն մեղսագրվում է 236-րդ հոդվածը, որը ենթադրում է միայն նյութապես շահագրգռելը: Այս հոդվածը համապատասխանում է հին օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասին, որը ենթադրում է մեկ տարվա ազատազրկում: Քրեական օրենսդրության ժամանակի մեջ կիրառման համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմք ընդունի բարելավվող մասը, այսինքն՝ մեկ տարին նախկին երեքի փոխարեն»,- նշեց նա:

Պաշտպանի խոսքով՝ այս պարագայում արարքը միջին ծանրությունից դառնում է ոչ մեծ ծանրության, եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը դառնում է հիմնազուրկ:

«Քննիչը պետք է ավտոմատ վերաորակի արարքը եւ նոր մեղադրանք առաջադրի՝ համապատասխանեցնելով նոր ՔՕ-ին, բայց մենք չենք սպասի դրան եւ արդեն համապատասխան միջնորդությունն ուղարկում ենք Քննչական կոմիտե»- ընդգծեց պաշտպան:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, ուժի մեջ են մտել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը: Համաձայն՝ նոր ՔՕ-ի Ավետիք Չալաբյանին նախկինում մեղսագրվող հոդվածը ապաքրեականացված էր, սակայն դատական նիստերից մեկի ժամանակ դատախազի կողմից ասվել էր, թե օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի: Պաշտպանական թիմի կարծիքով՝ դա արվել է միտումնավոր Ավետիք Չալաբյանին անազատության մեջ պահելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ