News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Խելացի» շարժական սարքեր, վիդեոչատեր տարբեր մայրցամաքներում գտնվող մարդկանց միջեւ, ռոբոտներ, որոնք օգնում են մարդկանց առօրյա կյանքում, թռիչքներ դեպի տիեզերք: Ժամանակին այս ամենը միայն գրքերում եւ գիտաֆանտաստիկ ֆիլմերում էր: Այդ ժամանակ մեզ թվում էր, որ այդ ամենն ընդամենը տաղանդավոր հեղինակների ֆանտազիան է, եւ նրանց նկարագրած սարքերը դժվար թե երբեւէ իրականություն դառնան։

Այնուամենայնիվ, դրանք իրականություն դարձան, եւ դրա համար այդքան էլ շատ ժամանակ չպահանջվեց՝ ընդամենը մի քանի տասնամյակ։

Արհեստական ​​բանականությունը (ԱԲ), որը սկսում է իրեն գիտակցել եւ ըմբոստանալ մարդկության դեմ, գրքերի, ֆիլմերի եւ համակարգչային խաղերի հեղինակների սիրելի սյուժեներից է։ Այսօր մեր դեմ ապստամբող ռոբոտներով ապագան մեզ առնվազն անհավանական է թվում:

Բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։ Արժե՞ արդյոք վախենալ, որ արհեստական ​​բանականությունը կարող է մի օր իսկապես խելացի եւ ինքնուրույն դառնալ եւ որոշել ոչնչացնել իր ստեղծողներին եւ գրավել աշխարհը:

Կիրառման նեղ ոլորտներ

Հայկական Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, որն արհեստական ​​բանականությունը լայնորեն օգտագործում է իր մշակումներում, կարծում է, որ այդպիսի ապագան, եթե նույնիսկ հնարավոր է, այնուամենայնիվ, դեռ շատ հեռու է։

Նրա խոսքով՝ այսօր գոյություն ունեցող ԱԲ-ի ալգորիթմները կիրառման բավականին նեղ ոլորտներ ունեն։ Այո, դրանք շատ լավ կարող են բազմաթիվ խնդիրներ լուծել, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել՝ ո՛չ մաթեմատիկական մոդելավորման, ո՛չ նույնիսկ մարդկային բանականության օգնությամբ։ Բայց այդ ալգորիթմներն այլ բանի ընդունակ չեն։

«Ռիսկերը, իմ կարծիքով, փոքր-ինչ չափազանցված են։ Կարծում եմ, որ արհեստական ​​բանականության օգուտները շատ ավելի մեծ կլինեն, քան հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտավազդ Մինասյանը։ 

Կանխատեսեք հակառակորդի հաջորդ քայլը

Մյուս կողմից, ԱԲ-ն այսօր շատ ավելի «խելացի» է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դրա ապացույցն այն ծրագրերն են, որոնք ոչ միայն կարող են սեղանի խաղեր խաղալ, այլեւ հաղթել մարդ չեմպիոններին: Արհեստական ​​բանականությունը վաղուց է սովորել շախմատ խաղալ, եւ չեմպիոնների նկատմամբ դրա հաղթանակներն այլեւս ոչ մեկին չեն զարմացնում։ Բայց մի ալգորիթմի ստեղծումը, որը կարող է գո խաղալ, շատերին է զարմացրել:

Բանն այն է, որ Հին Չինաստանում ստեղծված գո խաղը շատ ավելի բարդ է, քան շախմատը։ Շախմատում, ըստ մասնագետների, խաղի ընթացքում առաջացած ցանկացած իրավիճակում քայլերի քանակը սահմանափակ է. ԱԲ-ի համար դժվար չէ հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները եւ ընտրել լավագույնը քո հաջորդ քայլի համար: Մյուս կողմից, խաղատախտակը շատ ավելի մեծ է, քան շախմատի տախտակը, եւ յուրաքանչյուր քայլից բխող հնարավոր շարժումներն ու համակցությունները պարզապես անսահման են։ Այդ պատճառով մարդիկ, ովքեր գո են խաղում, վաղուց հավատում էին, որ անհնար է ծրագիր ստեղծել, որը կարող է խաղալ մարդու նման։ Այս խաղում հակառակորդին հաղթելու համար անհրաժեշտ է ոչ միայն կանխատեսել նրա հաջորդ քայլերը (եւ, ինչպես արդեն նշվեց, այստեղ անսահման շատ հնարավոր քայլեր կան) եւ մտածել պատասխան քայլերը, այլեւ ստեղծագործ երեւակայություն, ինքնատիպ մտածողություն, խորամանկություն եւ շատ այլ հատկություններ ունենալ, որոնք ԱԲ-ն դժվար թե ունենա:

Այնուամենայնիվ, այդպիսի ծրագիր ստեղծվել է: Ավելին, դրա պատճառով գոյի նախկին չեմպիոն Լի Սեդոլը (Հարավային Կորեա) ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան՝ ասելով, որ արհեստական բանականությունը գոյում անպարտելի է դարձել: Ընդ որում, դա Լի Սեդոլն էր, որն աշխարհում միակ մարդն էր, ում հաջողվել էր հաղթել Google-ի կողմից մշակված AlphaGo ծրագրին։ Ճիշտ է, նա 5 խաղից միայն մեկում է հաղթել, այն էլ, իր խոսքով, միայն այն պատճառով, որ իր անսպասելի քայլն այդ խաղում «կոտրեց» ալգորիթմը։

Իհարկե, նման ԱԲ-ն դեռ հեռու է վերացական մտածելուց եւ ինքնուրույն որոշումներ կայացնելուց, սակայն դրա «զարգացման» մակարդակն արդեն սկսում է շփոթեցնել մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչպես գո խաղալ եւ հասկանում են այդ խաղի բարդությունը:

Ամենակարեւորն ադեկվատ խնդիրներն են

Smartclick ընկերության տնօրեն եւ հիմնադիր Ռեմ Դարբինյանը կարծում է, որ այսօր ԱԲ-ի զարգացման մակարդակը կարելի է համեմատել 6-ամյա երեխայի ինտելեկտի հետ։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ 10 տարի անց ԱԲ-ն 16-ամյա դեռահասի ուղեղ կունենա. ԱԲ-ի «զարգացումը» շատ ավելի բարդ եւ ավելի երկար է, քան մարդու զարգացումը։ Մասնագետը վստահ է, որ 30 տարի հետո ԱԲ-ն կկարողանա հասնել մարդկային բանականությանը։ Ճիշտ է, այն դեռ ստեղծագործ մտածողություն չի ունենա. ստեղծագործ մտածողությունը եւ նոր բան ստեղծելը մարդու առավելությունը կմնան, իսկ ԱԲ-ն կփոխարինի մարդուն միայն առօրյա ձանձրալի գործերում։

Բայց ապագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ըստ փորձագետի, արհեստական ​​ինտելեկտի ծրագրավորմանը ու դրա առջեւ խնդիրներ դնելուն պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ:

«Շատ ստեղծագործություններում, եթե ուշադրություն դարձնեք, ԱԲ-ն սպանում է մարդկությունը, քանի որ նրանց հանձնարարված է «փրկել մոլորակը»: ԱԲ-ն վերլուծում է տվյալները եւ որոշում, որ մոլորակի միակ փրկությունը մարդկության ոչնչացումն է։ ԱԲ-ն այդ ստեղծագործություններում պարզապես լուծում է այն խնդիրը, որը դրված է իր առջեւ, այլ ոչ թե սխալ է թույլ տալիս»,- ասաց Դարբինյանը։

Ուստի, նրա խոսքով, կարեւոր է ճիշտ ծրագրավորել ԱԲ-ն եւ դրա առջեւ ճիշտ, ադեկվատ նպատակներ ու խնդիրներ դնել՝ այսօր եւ հատկապես ապագայում:

Հունձը՝ որպես միակ փրկություն

Եթե ​​արհեստական ​​բանականության խնդիրը փոխարժեքի կանխատեսումն է, ապա այն դժվար թե կարողանա որոշել, որ լավ կլիներ ոչնչացնել մարդկությունը՝ այդ առաջադրանքը կատարելու համար։ Իսկ ահա մարդկության փրկությունն այդքան էլ անվնաս խնդիր չէ։ Թերևս, գեղարվեստական ​​ստեղծագործություններում այդպիսի առաջադրանքն արհեստական ​​բանականության առաջ դնելը ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Հնձվորները Mass Effect-ից դրա առավել ակնառու օրինակներից են:

Mass Effect-ի առաջին սցենարիստ Դրյու Կարպիշինի սկզբնական գաղափարի համաձայն՝ հարյուր հազարավոր տարիներ առաջ գոյություն ուներ լեւիաթանների տեխնոլոգիապես զարգացած ռասա, որը բարդ խնդրի էր բախվել. տիեզերական ճանապարհորդության ժամանակ նրանք օգտագործում էին այսպես կոչված զրոյական տարրը, որը նրանց քաղաքակրթության անբաժանելի մասը դարձավ, սակայն այս նյութի օգտագործումը այսպես կոչված մութ նյութի արտանետումների հանգեցրեց, ինչն արեւների եւ մոլորակների մահվան էր հանգեցնում, իսկ ապագայում անխուսափելիորեն գալակտիկայի մահվան կհանգեցներ:

Նույնիսկ չնայած զարգացման ավելի բարձր մակարդակին՝ լեւիաթանները չգիտեին, թե ինչպես լուծել այս խնդիրը։ Անհնար է պարզապես արգելել զրոյական տարրի օգտագործումը եւ դադարեցնել քաղաքակրթության զարգացումը։ Բայց գալակտիկայի մահը եւս այդքան էլ լավ հեռանկար չէ:

Լեւիաթանները որոշեցին խնդրի լուծումը վստահել հզոր արհեստական ​​ինտելեկտին, որը կկարողանա վերլուծել առկա բոլոր տվյալները եւ հավանաբար ինչ-որ բան կմտածի։ Եւ այն իսկապես մտածեց: Ճիշտ է, դրա լուծումը բավականին զզվելի էր օրգանական էակների տեսանկյունից եւ միանգամայն տրամաբանական՝ մեքենայի տեսանկյունից: ԱԲ-ն ռոբոտներ կառուցեց, որոնք իրենց ստեղծողների ԴՆԹ-ն կենսազանգվածի վերածեցին եւ այն իրենց մի մասը դարձրին: Այդպես հայտնվեցին հնձվորները՝ կիսաօրգանական, կիսասինթետիկ արարածներ, որոնցում հզորագույն ԱԲ-ն ամրապնդվեց այն բոլոր գիտելիքներով տվյալների բազայով, որոնց տիրապետում էր լեւիաթանների ռասան:

ԱԲ-ի տեսանկյունից քաղաքակրթությունը փրկվեց, քանի որ լեւիաթանների ԴՆԹ-ի տվյալները եւ նրանց գիտելիքները ոչ մի տեղ անհետացան, պարզապես նոր ձեւ ստացան: Եւ գալիք հազարամյակների ընթացքում գալակտիկային ոչինչ չէր սպառնում, քանի դեռ նոր, բավական զարգացած քաղաքակրթություններ չեն հայտնվել ... որոնց ժամանակի ընթացքում նույնպես կարելի է «հնձել»:

Ավելի լավ է մեզ ԱԲ-ի օգնությամբ չփրկել

Դրյու Կարպիշինի գաղափարները միայն մասամբ են արտացոլվել Mass Effect խաղերում (ինչ-որ պահի նա լքեց նախագիծը, եւ նոր սցենարիստները բավականին դաժան վերաբերվեցին սյուժեին, սակայն դա արդեն այլ պատմություն է), բայց դրանից պակաս տրամաբանական եւ իրատեսական չեն դառնում:

Այսօր մենք «զրոյական տարրի», դրա «կողմնակի էֆեկտների» հետ կապված խնդիրներ չունենք, բայց կան ոչ պակաս լուրջ խնդիրներ՝ գլոբալ տաքացում, օդի աղտոտվածություն, ռեսուրսների պակաս բնակչության մշտական ​​աճի ֆոնին եւ այլն։ Շատ փորձագետների կարծիքով՝ մի քանի տասնամյակ հետո այս ամենը կհանգեցնի նրան, որ Երկիր մոլորակի վրա ապրելը գրեթե անհնարին կդառնա։

Եթե ​​այս խնդրի լուծումը վստահեք արհեստական ​​բանականությանը, ապա հեշտությամբ կարելի է կռահել, թե ինչ ելք այն կառաջարկի։ Ավելին, տվյալների շարքում, որոնք նա կստանա վերլուծության համար, կարող է լինել նաեւ այսպիսի տոկոսային հարաբերակցություն. NASA-ի տվյալներով՝ 2020-ին կորոնավիրուսի պատճառով լոքդաունները մարդու առողջության եւ կլիմայի համար վտանգավոր ազոտի օքսիդների (NOx) արտանետումների 15 տոկոսով կրճատման հանգեցրեցին։ Որոշ տեղերում այս արտանետումների տեղական կրճատումները 50 տոկոսի են հասել:

Այսպիսով, եթե մարդկությունը ցանկանում է լուծել կլիմայական խնդիրները եւ փրկել մոլորակը, ավելի լավ է փորձանքից հեռու մնա եւ այս խնդիրը ԱԲ-ի վրա չդնի եւ ինքնուրույն ինչ-որ բան մտածի:

Կարելի՞ է արդյոք մեքենան գիտակցությամբ օժտել

Հանրահայտ «Ես ռոբոտ եմ» ֆիլմում ռոբոտներից առնվազն մեկը գիտակցություն եւ նույնիսկ հույզեր է ձեռք բերում եւ սկսում է իրեն մարդու նման պահել։

Կարո՞ղ է արդյոք իսկապես նման բան լինել

Խնդիրն այն է, որ մենք լիովին չենք հասկանում, թե ինչ է գիտակցությունը։ Մենք նույնիսկ չգիտենք՝ արդյո՞ք այն հենց ուղեղն է ապահովում, եթե այո, ապա՝ ի՞նչ մեխանիզմներով։ Ի վերջո, կենդանիները նույնպես ուղեղ ունեն, բայց գիտակցություն՝ այն իմաստով, որով մենք հիմա հասկանում ենք այդ բառը, կարծես թե չունեն:

Սակայն չի կարելի բացառել, որ էվոլյուցիայի գործընթացում հենց այդ գիտակցությունը կարող է հայտնվել ինչպես կենդանիների, այնպես էլ ԱԲ-ի մոտ, ինչպես ժամանակին հայտնվեց եւ զարգացավ մարդկանց մոտ: Բայց դա, իհարկե, այդքան արագ ու հանկարծակի տեղի չի ունենալու, որքան վերը նշված ֆիլմում։

Որոշ փորձագետներ կարծում են, որ հնարավոր է գիտակից մեքենաներ ստանալ՝ պատճենելով մարդու ուղեղի սկզբունքը եւ ԱԲ ստեղծելով, որն աշխատում է ճիշտ նույն կերպ։ Դա կարող է, օրինակ, «նեյրոնների» ցանց լինել, որոնք կապված են միմյանց հետ եւ քիչ բան «գիտեն» աշխարհի մասին, մոտավորապես նորածնի ուղեղի նման: Այդ ցանցը կարող է «սովորել»՝ առաջադրանքներ կատարելով եւ ճանաչելով շրջապատող աշխարհը: Օրինակ, առաջադրանք կատարելիս ցանցը սկզբում կարող է պատահական գործել: Հետադարձ կապ ստանալով ճիշտ պատասխանի տեսքով՝ ցանցը կամրապնդի կապը «նեյրոնների» միջեւ, որոնք ճիշտ պատասխանի են հանգեցրել, եւ կթուլացնի կապերը, որոնք սխալ պատասխանի են հանգեցրել։ Այդպես, ցանցը կկարողանա սովորել, թե ինչպես ճիշտ լուծել այս խնդիրը:

Այդպիսի «նեյրոնային ցանցը», իհարկե, կարտացոլի մարդու ուղեղի նյարդակենսաբանական սկզբունքները, բայց դժվար թե այս կերպ մարդու նման գիտակցություն ձեռք բերի։ Հնարավոր է, որ մեքենայի մեջ գիտակցության նման մի բան հայտնվի, եթե այն սկսի ազատորեն փոփոխություններ կատարել սեփական ծածկագրում՝ բարելավելով այն: Դա նոր փուլ կլինի մեքենայական ուսուցման զարգացման մեջ, որն արդեն այսօր լայնորեն ուսումնասիրվում է։

«Արդյո՞ք այս յունիթը հոգի ունի»

Mass Effect-ի տիեզերքում հնձվորները միակ սինթետիկ արարածները չեն, որոնք շատ խնդիրներ են ստեղծել օրգանական արարածների համար: Գոյություն ունեին նաև գեթերը՝ ռոբոտներ, որոնք ապստամբել են իրենց ստեղծած հումանոիդ կվարիացիների դեմ:

Գեթերը ստեղծվել էին տարբեր տնային գործեր կատարելու համար, եւ, ըստ նախնական մտահղացման, նրանք չպետք է «բանական» լինեին։ Այնուամենայնիվ, այս ռոբոտները կարող էին միավորվել ցանցերի մեջ, այնպես որ նրանք սկսեցին ավելի արդյունավետ աշխատել եւ ավելի բարդ առաջադրանքներ կատարել: Բայց դա, ինչպես նաեւ դրանց ստեղծած կվարիացիների պատմական արխիվներին հասանելիությունը ռոբոտների մոտ յուրատեսակ հավաքական բանականության առաջացման հանգեցրեց: Եւ այն, ինչպես եւ սպասվում էր, սկսեց հարցեր առաջացնել, որոնց մասին ռոբոտները նախկինում չէին կարող մտածել։ Մի անգամ ռոբոտներից մեկն իր տիրոջը հարց տվեց, որը հետագայում պատերազմի հանգեցրեց ռոբոտների եւ դրանց ստեղծողների միջեւ. «Արդյո՞ք այս յունիթը հոգի ունի»:

Ռոբոտների գերզարգացման եւ դրանց հնարավոր ընդվզման հեռանկարից անհանգստացած ՝ քուարները որոշեցին անջատել բոլոր գեթերը: Գեթը, առաջնորդվելով գոյատևման յուրօրինակ բնազդով, որոշեց պաշտպանվել: Լավ ավարտ չունեցավ, իհարկե, հատկապես հումանոիդների համար:

Նման մի բան տեղի ունեցավ Ռոբերտ Քարգիլի «Ժանգի ծովը» ստեղծագործության աշխարհում: Սեփական անձի գիտակցումը եւ ռոբոտների պայքարն իրենց իրավունքների համար ի վերջո հանգեցրին ամբողջ մարդկության կործանմանը:

Ընդ որում, պարզվեց, որ մարդկությանը հաղթելը սարսափելի հեշտ է. ռոբոտներին անհրաժեշտ էր միայն թունավորել քաղցրահամ ջրի մի մասը, եւ մարդիկ, մոռանալով ռոբոտների հետ պատերազմի մասին, սկսեցին պայքարել միմյանց հետ ջրի եւ սննդի մնացորդների համար: 

Առակն ի՞նչ կցուցանե: Եթե ​​մարդկությունը շարունակի աշխատել ԱԲ-ի մշակման ու զարգացման ուղղությամբ, ապա ցանկալի է պատրաստ լինել նրան, որ մի օր կարող է ծագել ռոբոտների իրավունքների ճանաչման հարցը։ Իսկ գրականությունից, ֆիլմերից եւ խաղերից օրինակները ցույց են տալիս, որ եթե արդեն այս փուլում հանկարծ որոշեն պայքարել ԱԲ-ի դեմ, դա ոչ մի լավ բանով չի ավարտվի մարդկանց համար:

Ոչ բավարար հաշվողական հզորություն

Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացմանը՝ շատ փորձագետներ վստահ են, որ առնվազն մոտակա 100 տարում ԱԲ-ն չի կարողանա այնպիսի հաշվողական հզորություն ստանալ, որը նրան վերացական մտածողություն, բարդ պատճառահետեւանքային կապերը հասկանալու ունակություն կտա եւ այլն։

Krisp-ում արտադրանքի եւ որակի վերահսկման մենեջեր Անուշ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգիչների հաշվողական հզորությունն այսօր բավարար չէ, որպեսզի ԱԲ-ն կարողանա անել այն, ինչ տեսնում ենք ֆիլմերում, գրքերում կամ համակարգչային խաղերում։ Եւ նույնիսկ եթե հաշվողական հզորությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ կրկնապատկվի, ԱԲ-ն տեսանելի ապագայում մարդու ուղեղի հնարավորություններին չի հասնի:

«Հիմա շատ զիլ ռոբոտներ կան, բայց դրանք միայն շատ պարզունակ գործողություններ են կատարում, այն էլ՝ ոչ առանց դժվարության: Այնպես որ, կարծում եմ, որ մեքենաների ապստամբություն առաջիկա 50-100 տարում մեզ հաստատ չի սպառնում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ