News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբկիր թաղամասի Կոմիտաս 34 շենքի բարձր հարկերի բնակիչներն արդեն չորրորդ օրն է՝ խմելու ջուր չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակչուհի Անահիտ Սարգսյանը:

«Հինգշաբթի Արաբկիրում վթարային անջատում էր, գրել էին, որ ուրբաթ օրը՝ ժամը երեքին, ջուրը կլինի: Ուրբաթ օրը՝ առավոտյան, շատ բարակ շիթով եկավ ջուրն ու կտրվեց: Զանգեցինք, ասացին՝ աշխատում ենք, կլինի: Առավոտյան միայն շատ քիչ շիթով ջուրը գալիս է: Ներքեւի հարկերում ջուրը քիչ-քիչ գալիս է, բայց վերեւի հարկեր չի հասնում: Նույն խնդիրն է նաեւ հարեւան բարձրահարկ շենքերում»,- պատմեց Անահիտ Սարգսյանը:

Բնակչուհու խոսքով՝ «Վեոլիա ջրից» բացատրել են, որ ֆիլտրերը խցանվել են, պետք է մաքրել, որպեսզի ջրի հոսքն ուժեղանա, եւ որ աշխատում են այդ ուղղությամբ:

«Համատիրությունից ինձ ասացին, որ այսօր «Վեոլիա ջրից» պետք է գային խնդիրը լուծելու, սակայն Արաբկիրի ջրմուղի ինժեներն անհասանելի է: Մինչեւ հիմա որեւէ մեկը չի եկել խնդիրը լուծելու: Առավոտյան հազիվ հասցնում ենք ինչ-որ բան լցնել ու միանգամից կտրվում է: Այս շոգին սարսափելի վիճակ է ստեղծված: Ստիպված ջուր ենք գնում»,- ընդգծեց բնակչուհին:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Վեոլիա ջրի» հետ՝ զանգահարելով մամուլի պատասխանատուի եւ թեժ գծի հեռախոսահամարով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Տպել
Ամենաշատ