News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքի հոդվածի հիման վրա հարուցված քրեական բոլոր գործերը պետք է կարճվեն, քանի որ չի կարող լինել մեղադրյալ, եթե հիմքում չկա հանցանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Միակ տարբերակը՝ հատկապես դատարան հասած գործերի դեպքում համար, հանցակազմի բացակայության հիմքով կարճելն է: Սակայն մի գործի շրջանակում երեկ դատախազը չներկայացավ, ինչը զարմանալի չէր, բայց զարմանալի էր, որ դատարանն անմիջապես որոշում չկայացրեց այս գործի մասով; Ստացվում է՝ ունենք իրավիճակ, երբ չկա հանցանքը, սակայն մարդը շարունակվում է մեղադրվել եւ կիրառված է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս եւ բոլոր գործերը պետք է կարճվեն անգամ առանց դատական նիստեր հրավիրելու, որովհետեւ չի կարող լինել մեղադրյալ, եթե հիմքում չկա հանցանք: Բայց այստեղ կարող է լինել վերապահում, եթե հաշվի առնենք, թե ովքեր են իրավակիրառողները եւ որ քաղաքական ուժի ենթակայության տակ են»,- նշեց Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը չբացառեց, որ իշխող խմբակցությունը կարող է փորձել նոր ՔՕ-ում եւս որեւէ կերպ ընդգրկել հոդվածը՝ կրկին ընդդիմադիրներին զսպելու համար:

«Սուտ է այն պնդումը, թե այդ հոդվածը զսպող դեր ունեցավ: Այն միայն քաղաքական ընդդիմությանը ճնշելու օղակ էր: Արեւմուտքի համար, այնուամենայնիվ, սա կարմիր գիծ էր: Առաջին բանաձեւը, որը նշեց Եվրոպայի խորհուրդը, խտրական կիրառման բացառումն էր, իսկ ՔՊ-ականներն այս հոդվածը բացահայտ կերպով խտրականորեն էին կիրառում: Նրանք ուղղակի տուժող չէին ճանաչում այն մարդկանց, որոնք վիրավորվել են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից: Նման բան երբեք չի եղել, որ մարդու դեմ ուղղված որեւէ հանցագործություն լինի առանց տուժողի: Ես կարծում եմ, որ Արեւմուտքն ուլտիմատիվ կերպով պահանջել է, որ այդ հոդվածը դուրս գա»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ Կարեն Անդրեասյանը հունիսի 10-ի իր հայտարարությունում, որտեղ նշեց, որ նոր ՔՕ-ում ծանր վիրավորանքի հոդվածը տեղ չի ունենա, մանիպուլատիվ կերպով հիշատակեց Քաղաքացիական օրենսգրքում նշված հոդվածը վիրավորանքի մասին:

«Այնպիսի տպավորություն ստեղծվեց կարծես Քաղաքացիական օրենսգրքում ինչ-որ նոր բան է ավելացվելու, քրեական վարույթը փոխակերպվելու է քաղաքացիականի՝ մինդեռ՝Քաղաքացիական օրենսգրքում միշտ էլ եղել է այդ դելիկտը: Բայց այդ դեպքում ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրամայի հարյուրավուր իրավապահների իրեն հայհոյելու համար գործ հարուցել, այլ իր փաստաբանը պետք է մտնի դատարան: Այդ հոդվածն ուղղակի ՔՊ-ականները դարձրին մի քանի միլիոն: Կլինի քաղաքական որոշում այդ գործիքն ավելի շատ օգտագործելու, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն քաղաքացիական վարույթը չի կարող ունենալ նույն ազդեցությունն ինչ քրեականն է, որովհետեւ գոնե պետական ռեսուրսները չեն օգտագործվում անձնական խնդիրներ լուծելու համար»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ