News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը քիչ առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։

Արթուր Ղազինյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ հրապարակված չէ ԱԺ նախագահի հայտարարությունը Ղազինյանի հրաժարականի մասին։

Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը բարոյական է համարում։

«Ղազինյանը համարել է, որ ինչ–ինչ հարցերում անհամատեղելիություն կա եւ բարոյական քայլ է արել ու մանդատը վայր դրել։ Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ պայքարը շարունակելու է, այսինքն՝ բոլորիս նպատակը մեկն է՝  իշխանությունների հեռացմանը հասնելը։ Այդ ճանապարհին կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ ճիշտը այս կամ այն մարտավարական ուղին է, ինչը բնական եմ համարում։ Ինձ համար առանցքայինն այն է, որ բոլորիս նպատակը մեկն է։ Արթուր Ղազինյանը իր տեքստում արձանագրել է, որ միակ հարթակը «Դիմադրության» շարժումն է, որն ի զորու է հեռացնել այս իշխանություններին։

Նա նաեւ հայտարարել է, որ որեւէ պարագայում իրեն չի տեսնում Ազգային ժողովում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործիքակազմի մասին։ Կարծում եմ, որ ճիշտ չէ բաց թողնել  այդ հնարավորությունը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագնեսա Խամոյանը։ 

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանն է, որը դեռ որոշում չունի մանդատը վերցնելու մասին։

«Դեռ չեմ մտածել՝ մանդատը կվերցնե՞մ, թե՝ ոչ։ Ես պայքարի մեջ եմ, անկախ նրանից՝ մանդատով եմ, թե առանց դրա։ Այս պահին էլ մասնակցում եմ «Դիմադրություն» շարժման ակցիային»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ