News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յուրահատուկ սերունդ ունենք. չեմ վախենում այս խոսքից: Մեզանից ավելի «աչքաբաց» են, երաժշտական,  երաժշտասեր, տաղանդավոր եւ, նրանց հետ աշխատելը մեծ հաճույք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը:

Օրերս Աջափնյակ համայնքում գտնվող դպրոցի սաները Առնո Բաբաջանյան համերգասրահում ներկայացան մեծ համերգային ծրագրով: Ուսումնական տարվա հաշվետու համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում: 7-16 տարեկան երեխաների եւ պատանիների կատարմամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում հնչեցին հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ, սոլո կատարումներ: Առանձնահատուկ էին նվագախմբային կատարումները տարբեր երաժշտական գործիքներով: Շուրջ մեկուկես ժամ տեւած համերգի ընթացքում Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սաները փայլեցին իրենց կատարումներով եւ հմտություններով: Ամենատպավորիչը համերգի եզրափակիչ ելույթն էր դպրոցի փոքրերի երգչախմբի կատարմամբ: Խմբավար Մաունել Օհանյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց «Ազատ Հայաստան» եւ «Էրեբունի-Երեւան» ստեղծագործությունները: Փոքրիկ երգիչների կատարումը դահլիճի կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ: Հանդսիատեսը երկու կատարումն էլ լսեց հոտնկայս՝ չդադարող ծափահարություններով:

Համերգից հետո պատանի երաժիշտների ելույթները տպավորել էր բոլորին, մասնավորապես դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանին:

«Շատ տպավորված եմ մեր սաների ելույթներից: Ինձ գոհացնում է այն արդյունքը, որը տեսա բեմում: Սա մի ամբողջ կոլեկտիվի, լավագույն մասնագետների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մեր դպրոցն ունի 326 աշակերտ: Տարածքը փոքր է, բայց այսքան երեխա է սովորում, ինչն ամենաշատն է ուրախացնում: Մեր դպրոցում աշխատում են նվիրյալներ: Նրանց բարձրակարգ աշխատանքի արդյունքում մենք այսպիսի հոսք ունենք դեպի դպրոց, երաժշտություն, արվեստ:

Ավարտեցինք 2021-22 ուսումնական տարին: Արդեն ունենք միջազգային եւ հանրապետական մրցույթների 67 մրցանակակիրներ եւ սա շարունակական է լինելու: Ունենք մրցանակիրներ «Արտ մյուզիք», Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի «Ոսկե սրինգ», «Armenia Global Art Fest», «Նոր ձեռքեր» կիրառական արվեստի «Փոքրիկ քայլ» եւ մի շարք այլ մրցույթ փառատոններից:

Ի ուրախություն մեզ, դպրոցի սաները տարեցտարի ավելանում են: Նրանք կտրվում են բակից, նվիրվում երաժշտության մեծ աշխարհին, արվեստին եւ իսկապես, մեծ սիրով հաճախում դասերի: Սա դպրոցի ամենամեծ գրավականն է: Պատահական չէ, որ այս դպրոցի սաներ են եղել աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոեւը, դաշնակահարներ Ռուբեն Պետրոսյանը, Արեգ Սիմոնյանը, ֆլեյտահար Անի Օհանյանը: Մեր երեխաներից շատերը գնում են նրանց հետքերով, մեծ մասը մնում են երաժշտությունում, ընդունվում Կոնսերվատորիա, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ:

Ինձ համար շատ կարեւոր է դպրոցի մանկավարժական կազմը: Բոլորը սիրով են աշխատում երեխաների հետ, ժամերով մնում դպրոցում, անհատական աշխատանք անում յուրաքանչյուրի հետ: Սա շատ բարդ ու մեծ աշխատանք է: Նրանք իսկապես նվիրյալներ են, եւ ես նրանց շնորհակալ եմ այս մեծ աշխատանքի համար»,- ասաց Գոհար Տոնոյանը:

Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է 40 սան եւ 7 մանկավարժ: Ժամանակի ընթացքում աշակերտների թվի ավելացմանը զուգահեռ ստեղծվել են դաշնամուրային, լարային, փողային գործիքների բաժիններ: Ուսուցիչների համատեղ ջանքերով ստեղծվել է կամերային նվագախումբ, որի ղեկավարն է եղել դիրիժոր Մերուժան Սիմոնյանը: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Լատվիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում:

1984-ին երաժշտական դպրոցը վերանվանվել է տաղանդավոր երաժիշտ, Կոմիտասի քառյակի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանի անունով:

Գոհար Տոնոյանը դպրոցը ղեկավարում է 2004 թվականից: Իսկ 2007 թվականին երաժշտական դպրոցը վերափոխվեց արվեստի դպրոցի, բացվեցին գեղարվեստի, պարարվեստի, թատերարվեստի բաժիններ:

Այժմ դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, վոկալի, տեսական առարկաների, փողային և ժողգործիքների բաժիններ, թավջութակի, սրինգի, ուդի, գալարափողի, սինթեզատորի, ակորդեոնի դասարաններ, սաքսոֆոնի, տրոմբոնի դասարաններ, վոկալ- էստրադային բաժին:

«Երեխաները սիրահարվում են իրենց գործիքներին, երաժշտությանը եւ դա ուրախացնող է: Նույնը կարող եմ ասել գեղարվեստի բաժնի մասին:

Ամեն տարվա վերջում ամփոփիչ-հաշվետու համերգով ենք հանդես գալիս: Այս ամենը պետական բյուջեով է իրականացվում՝ Աջափնյակ վարչական շրջանի ֆինանսավորմամբ: Շատ պատասխանատու է նման համերգասրահում տարվա աշխատանք ամփոփելը: Տարբեր դահլիճներում ենք ունեցել ելույթներ՝ Կոմիտասի տուն-թանգարանում, Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում: Ուրախ եմ, որ ամեն տարի լեփ-լեցուն դահլիճ ենք ունենում, գեթ մեկ ազատ աթոռ չի մնում: Հուսամ՝ հաջորդ տարիներին ավելի մեծ բեմերում ելույթներ ունենալու հնարավորություն կունենանք»,- նշեց դպրոցի տնօրենը:

Անդրադառնալով դպրոցի սաների ներուժին, մասնագետն ընդգծեց, որ յուրահատուկ տաղանդով օժտված երաժշտասեր եւ երաժշտական սերունդ է մեծանում Հայաստանում: 

«26 տարի այս ոլորտում եմ, որից 18 տարին Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցում եմ: Տարբեր սերունդներ եմ ընդունել եւ ավարտել: Յուրաքանչյուր սերունդ իր լավ եւ վատ կողմերն ունի: Այսօրվա սերնդի զբաղվածությունը շատ մեծ է: Երեխաները շատ տարբեր խմբակներ են հաճախում՝ արվեստի դպրոցից բացի: Հաճելի է, որ այսպիսի բազմաբովանդակ զբաղվածությամբ սերունդ ունենք, որը մի կողմից էլ վնասում է մեր աշխատանքը, քանի որ դժվարանում են երեխաները: Այստեղ արդեն մեր ուսուցիչներն են հրաշալի աշխատանք կատարում, մենք էլ մեր հերթին խոստանում ենք լավ սովորելու, գործիքը յուրացնելու դեպքում մեծ բեմ դուրս գալու հնարավորություն տալ: Այսպես ասած՝ համագործակցում ենք երեխայի հետ:

Հույս ունեմ, որ մենք դեռ շատ հպարտանալու առիթներ կունենանք այս երեխաների շնորհիվ:

Միայն ուզում եմ, որ այս սերունդը խաղաղ երկնքի տակ մեծանա, պատերազմ չտեսնի, այլեւս չանցնի այն արհավիրքի միջով, որով անցանք 2020 թվականին: Վստահ եմ, որ այս սերնդից շատերի անուններն ենք դեռ լսելու մեծ բեմերից»,- ամփոփեց Գոհար Տոնոյանը:

Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը հոտեմբերից մեծ համերգային ծրագրով կշրջագայի Հայաստանի բոլոր մարզերում:

Տպել
Ամենաշատ