News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը չի կարծում, որ ԲԴԽ նախագահի ընտրության քվեարկությունը հիմք է մտածելու, որ իրենց միջնորդությունը մերժվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաեւ բողոքի քննությունը մինչեւ նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ ԲԴԽ–ի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել էին հունիսի 23-ին, ինչի դեմ բողոք էր ներկայացրել Արամ Օրբելյանը։

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանեց՝ քանի որ պետք է տեղի ունենար իրենց ներկայացրած միջնորդության քննությունը, ԲԴԽ նախագահի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունը, իրենք միջնորդել էին բողոքի քննության ընթացքն այնպես կազմակերպել, որ այն տեղի ունենար մյուս երկու գործողություններից առաջ։

«Սա նշանակում էր, որ պետք է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգվեր, կամ էլ մինչեւ այդ գործընթացին անցնելը՝ այսօր իրականացվեր մեր բողոքի քննությունը։ Բայց քանի դեռ բողոքը քննված չէ եւ հստակություն չկա Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարման տեսանկյունից, դրա համար խնդրել էինք ԲԴԽ–ին, որ գործընթացներն այնպես կազմակերպվեն, որ արդարադատությունը լինի առարկայական։

Ըստ նորությունների, եղել է քվեարկություն եւ որեւէ թեկնածու չի հավաքել բավարար ձայներ։ Չեմ բացառում, որ այս քվեարկությունը ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու եղանակ էր, այսինքն՝ քվեարկության արդյունքում ԲԴԽ նախագահ չի ընտրվում եւ անցնում են հաջորդ փուլին, եթե մինչեւ հաջորդ փուլը մեր բողոքի քննությունը կլինի, ես կարող եմ ենթադրել, որ այդ միջոցով մեր միջնորդությունը բավարարվել է։ Իսկ եթե մեր միջնորդությունը մոտ ժամանակներում էլ չքննարկվի, գա երկրորդ փուլ, տեղի կունենա եւս մեկ քննարկում կամ հուլիսի 27–ին նախատեսվող Դատավորների ընդհանուր ժողովից հետո լինի մեր բողոքի քննությունը, ապա կստացվի, որ մեր միջնորդությունը մերժվել է։ Այս պահին հաշվի առնելով այն փաստը, որ տեղի է ունեցել քվեարկություն, որն արդյունք չի տվել, ինձ հիմք չէ տալիս պնդել, որ մեր միջնորդությունը բովանդակային առումով մերժվաժ է։ Ակնկալում եմ, որ սեղմ ժամկետներում անդրադարձ կլինի նաեւ մեր միջնորդությանը»,– նշեց  Արամ Օրբելյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 4–ին, նախագահ չի ընտրվել։ Մինչեւ ԲԴԽ նախագահի նոր ընտրությունը՝ նախագահի պարտականությունները օրենքի ուժով կկատարի ԲԴԽ տարիքով ավագ անդամը, սակայն,  Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

ԲԴԽ–ի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է եւ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ