News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Հաճախ նման հարցերով քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարան կամ վարչական շրջաններ, մինչդեռ օրենքով բազմաբնակարան շենքը բնակիչների ընդհանուր սեփականություն է, հետևաբար նաև դրա պահպանումն ու շահագործումը բնակչի պարտավորությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Բոլոր տեսակի ծախսային մասերն իրականացնում են պատասխանատուները, բայց որպեսզի այդ աշխատանքները համակարգված լինեն, գոյություն ունեն համատիրություններ կամ լիազոր կառավարիչներ, որոնք բաժնային սեփականատերերի փոխարեն գործունեություն են իրականացնում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Շենքերի պահպանման համար բնակիչները ձևավորում են համատիրություն, ընտրում նախագահ, կառավարիչ: Օրենքը թույլ է տալիս սահմանել նաև ամենամսյա վճար: Գումարի չափը որոշում են իրենք՝ բնակիչները՝ ընդհանուր ժողովներում: Վարչական շրջաններում այն տարբեր է՝ 25-45 դրամ՝ 1 քմ համար:

«Մեզ մոտ հավաքագրումը բացառապես անկանխիկ եղանակով է: Կա հաշվեհամար, բնակիչները փոխանցում են»,-ասում է «Նոր Ավան» համատիրության նախագահ Արսեն Սուլթանյանը:

«Մեզ մոտ մարդիկ հիմնականում հրաժարվում են փոխանցումով վճարել»,-նշում է մեկ այլ համատիրության նախագահ Մանվել Մկրտչյանը:

«Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր հաշվեհամարը և հավաքագրումն իրականացվի միայն փոխանցումներով»,-ընդգծում է Արսեն Կարոյանը:

Ամեն ամսվա վերջում համատիրությունները բնակիչներին պետք է ներկայացնեն հաշվետվություն, թե որքան գումար է հավաքագրվել, որքան ծախսվել ու ինչի համար: Տեղեկատվությունը սովորաբար փակցնում են շենքերի մուտքերի մոտ, սակայն դրանք հաճախ պատռվում ու աղբամանում են հայտնվում: Որոշ համատիրություններ այսօր թղթային հաշվետվությունից հրաժարվել են. ծանուցումներն անում են էլեկտրոնային:

Երևանում այսօր գործում է ավելի քան 250 համատիրություն: Դրանք կառավարում են մոտ 5000 բազմաբնակարան շենքերը: Վերահսկել, թե ինչպես են ծախսվում հավաքված գումարները՝ համայնքն իրավասություն չունի. բնակիչների իրավունքն է ու պարտականությունը:

«Քաղաքապետարանը միայն վերահսկող գործառույթ ունի, բայց տվյալ շենքի բաժնային սեփականատերերի ֆինանսական դաշտ մտնելու ոչ մի լիազորություն չունի: Մեր վերահսկողությունը կայանում է համատիրությունների պարտադիր նորմերի կատարման նկատմամբ հսկողությամբ, որպեսզի շեղումներ չունենան»,-ասում է Արսեն Կարոյանը:

Համատիրությունների աշխաատանքն առավել արդյունավետ դարձնելու և բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը ամրացնելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Բայց որևէ համակարգ չի կարող գործել, եթե բնակիչը չկատարի իր պարտավորությունը և չլինի պահանջատեր:

Հաշվի առնելով բնակչության սոցիալական խնդիրները՝ այսօր քաղաքապետարանն իր ուսերին է վերցրել վերելակների փոխարինման ծրագիրը: Համայնքն աջակցում է նաև տանիքների, մուտքերի նորոգմանն ու շենքերի առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը: Սակայն կարևոր է, որ յուրաքանչյուր բնակիչ գիտակցի. այս ամենը համայնքի պարտավորությունը չէ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ