News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է զոհված զինծառայողի հորը ծեծի ենթարկած ոստիկանին, որպեսզի մյուս ոստիկաններին ցույց տա, որ հանուն իր իշխանության կարելի է ցանկացածի նկատմամբ բռնություն գործադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, որին հունիսի 3-ին ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների, պարգեւատրել է Նիկոլ Փաշինյանը:

«Սա միայն իմ անձի նկատմամբ չէր: Սա Փաշինյանի՝ մեր հերոսների նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքի ցայտուն օրինակն էր: Իրականությունն այն չէ, երբ Փաշինյանը գնում է «Եռաբլուր», ծաղիկ դնում ու խոնարհվում, իրականությունը սա է, երբ պարգեւատրում է զոհված զինծառայողի հորը բռնության ենթարկած ոստիկանին: Ինքն ուզում է ցույց տալ՝ կապ չունի, որ ոստիկանը հարվածել է զոհված զինծառայողի հորը, կարեւորը, որ պաշտպանել է իր աթոռը: Նիկոլ Փաշինյանի համար գերագույն արժեքն իր աթոռ է, եւ քանի որ այդ ոստիկանն էլ իր աթոռն է պաշտպանել, պարգեւատրել է»,- նշեց Զավեն Մկրտչյանը:

Հայկազ Մկրտչյանի խոսքով՝ ինքն իրեն ծեծի ենթարկած ոստիկաններից միայն մեկին է դեմքով հիշում: Պարգեւատրված ոստիկանի մասին իմացել է լրատվամիջոցներից եւ սոցիալական ցանցերից, երբ շատ մարդիկ նույնականացրին իրենց ծեծի ենթարկելու տեսագրությունում երեւացող ոստիկանին եւ պարգեւատրվողին:

«Ինձ շատ ոստիկաններ են հարվածել, ես իրենցից մեկին եմ հիշում: Երբ ասացի, որ տղաս հազար թուրք է սպանել, հարձակվեց վրաս: Գիտեմ, որ մեծ մասը Դավթաշենի հատուկ գնդից են եղել, ինչպես որ նշվում է: 100 %-ով գուցե չես կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ում էր պարգեւատրում, սակայն ես վստահ եմ, որ իրեն զեկուցել են, թե ով է այդ ոստիկանը: Ի վերջո, այդ օրն այնպիսի տպավորություն էր կարծես հատուկ գնդի թուրք ծառայողներ էին գործուղել Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու»,- ասաց Զավեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը պարգեւատրվել եւ պատվոգիր է հանձնել 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանին՝ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանին:

Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ ու բիրտ ուժ կիրառվեց, ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւ բերտավորներ ակնհայտ բռնի ուժ կիրառելով` բերման էին ենթարկել զոհվածի հորը։ Նրանցից ոմանք ոտքով, ոմանք բռունցքներով հարվածում էին հերոսի հոր գլխին, մարմնի տարբեր մասերին։

Հերոսի հոր ծեծին ներկա էր անգամ գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, իսկ ծեծին անմիջապես իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում Սերոբ Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ