News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութեր են տարածվում Զվարթնոց տաճարի տարածքում անցկացված խնջույքից: Բարձր ռաբիս ոճի երաժշտություն, հրավառություն, երգ ու երաժշտություն:

Ինչպես երևում է կադրերից, ինչ-որ մեկը որոշել է երեխաների մկրտության արարողությունը կազմակերպել ոչ ավել, ոչ պակաս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Նշենք, որ տաճարը 2000 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Իսկ 2003-ի հունիսից էլ գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` որպես մասնաճյուղ:

Հարց է առաջանում, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է խնջույքից, ո՞վ և ո՞ր գերատեսչությունից է տրվել թույլտվությունը, ո՞վ է վերահսկել, իսկ հնարավո՞ր է հենց նախարարությւնն է տվել թույլտվությունը, այդ դեպքում արդյո՞ք հետևել է, որ պահպանվեն չափանիշները, առհասարակ թույլատրելի՞ է  այսօրինակ գերհզոր, ձայնային բարձր այն էլ ռաբիս երաժշտությունը հուշարձանի տարածքում և ի վերջո թույլատրելի՞ է հրավառությունը պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Սա նոր երևույթ չէ, նախկինում ևս տարբեր խնջույքներ էին կազմակերպում և Զվարթնոցում և Գառնիում: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2014 թվականին նշված երկու տաճարներում կորպորատիվ փարթիներ կազմակերպվեցին:

Սոցցանցերում բոլորը քննադատում էին, պահանջում հրաժարականներ, խոսում մշակուքային արժեքները չպաշտպանելու մասին: Ակտիվ էին հատկապես այսօրվա իշխանության մաս կազմող գործիչները:

Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո, արդեն «հեղափոխականների» նախարությունը պատմամշակութային ժառանգությունը հավասարեցրել է ռեստորանի մակարդակի և դրա տարածքը դիտարկում իբրև կերուխում-փարթիներից փող աշխատելու միջոց, ինչը նախկինում մշտապես քննադատել է:

Մենք զանգահարեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ հետ զրույցում խնդրեցին ի գիտություն ընդունել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

« «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։

Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։

Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։

Այսօր՝ սահմանված ժամին, արգելոց-թանգարանը բացվել է, մասնագետների կողմից հուշարձաններին հասցված վնաս չի արձանագրվել։

Հ․Գ։ Հայտնում ենք նաև, որ հուշարձանների, արգելոցների տարածքում բարեկարգման, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները գոյանում են ոչ միայն տոմսերի վաճառքից, այլև դրանց տարածքում միջոցառումների անցկացումից։

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ