News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի, կողմերը հնարավորինս սեղմ ժամկետում ցամաքային սահմանը հատելու հնարավորություն են ապահովելու երրորդ երկրների քաղաքացիների համար, դրա տակ կարելի է շատ այլ բաներ հասկանալ, որովհետեւ այն բացատրությունները, որոնք տրվում են, չեմ կարծում, որ բավարար են: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Սա հետաքրքիր զարգացում էր, որովհետեւ որքանով ես տեղյակ եմ, բանակցությունների բուն նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բնականոնացումն էր, այլ ոչ թե երրորդ երկրների քաղաքացիների, այսպես ասած տրանզիտի ապահովորումը հայ-թուրքական սահմանով: Այսպիսի մի արտահայտություն կա՝ սարը մուկ ծնեց:

Սա նոր բան չէ, տարբեր ժամանակներում տարբեր առաջարկներ են եղել, որ քանի որ սահմանը փակ է, եկեք հանուն տարածաշրջանում տուրիզմի ներուժի զարգացման, թույլ տանք այն մարդկանց, որոնք գալիս են Հայաստան կամ Թուրքիա, հնարավորություն ունենան հատել սահմանը եւ այցելել այն տարածքներ, որոնք հետաքրքիր են տուրիզմի տեսանկյունից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է, նրան, որ կողմերը նաեւ պայմանավորվել են օդային ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ, Միրզոյանն ասաց. «Չեմ կարծում, թե դա լուրջ մի փոփոխություն է, որը կնպաստի հայ-թուրքական առեւտրաշրջանառությանը: Որքան ես եմ հասկանում, դա ընդամենը թեթեւացնելու է այսպես կոչված ճամպրուկային բեռնափոխադրողների կյանքը, բայց որեւէ լուրջ ներդրում մեր հարաբերությունների զարգացմանը, ես չեմ կարծում, որ կունենա»:

Դիտարկմանը, որ այն փաստը, որ Թուրքիան սահմանը չի բացում, տեղիք է տալիս մտածելու, որ Թուրքիայի նպատակներն այլ են, Կարեն Միրզոյանն ասաց. «Իհարկե, եւ նման մտահոգություն հնչեցվել է մեր բանագնացի կողմից: Դա շատ լավ է, որ մարդիկ դա գիտակցում են: Ես կարծում եմ, որ սահմանի մասնակի բացումը զավեշտ է: Դա նման է նրան, որ մեկն ասի՝ ես կիսով չափ հղի եմ: Սահմանը կամ բաց է լինում, կամ չի լինում: Հնարավոր է, որ սահմանը բացելու համար հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, կողմերը պայմանավորվեն, որ աստիճանաբար են գնում այդ քայլին: Այս փուլում, ասենք, թույլ ենք տալիս էսինչ խմբի մարդկանց տեղաշարժը, մյուս փուլում, ասենք, բեռներ փոխադրողներին, կամ դիվանագետներին: Բայց պետք է դու միշտ նպատակ ունենաս, եւ ասես, որ ուզում ես հասնել սահմանի լիակատար բացմանը: Այնպես որ այն էյֆորիան, որ այս պայմանավորվածությունների շուրջ կա, իմ կարծիքով, մի փոքր չափազանցված է եւ տեղին չէ:

Ընդհակառակը, Թուրքիայի պետական այրերի հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ Թուրքիան շարւնակում է դիտարկել այս գործընթացը որպես հավելյալ միջոց Հայաստանից զիջումներ կորզելու համար: Եվ այդ զիջումները վերաբերում են ոչ միայն երկկողմ օրակարգին, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, Արցախի խնդիրին եւ ընդհանրապես տարածաշրջանային նվտանգության համակարգին»,-ասաց նա:

Կարեն Միրզոյանը նաեւ հավելեց, որ հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները չեն համընկնում հռչակված նպատակի հետ, որ գնում ենք առանց նախապայմանների բանակցությունների, որի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումն է: «Թուրքական  կողմից հնչում են հայտարարություններ, որ բոլոր քայլերը համաձայնեցված են Ադրբեջանի հետմ, երբք հակառակ չեն գնա Ադրբեջանի շահերին: Ընդհանրապես, թուրքական կաղմը երբեմն թույլ է տալիս դիվանագիտական էթիկետից դուրս քայլեր, օրինակ, Չավուշօղլուն իրեն վերջերս թույլ տվեց գնահատական տալ մեր ընդդիմությանը: Դա ուղղակի միջամտություն է Հայաստանի սուվերեն ներքին գործերին: Նման հայտարարություններն անընդունելի են»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ