News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Flagship Pioneering» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հուլիսի 7-ին արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

Նա շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը եւ ԵՊՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ Նուբար Աֆեյանը շոշափելի ավանդ կներդնի Հայաստանում գիտության զարգացման գործում, ինչին, նրա խոսքով, կնպաստի նաեւ գիտության եւ կրթության ֆինանսավորման էական ավելացումը։ «Այդ փոփոխությունները պետք է գիտությունը երիտասարդության համար ավելի հրապուրիչ դարձնեն»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ Աֆեյանը ԱՄՆ-ում կենսատեխնոլոգիաների եւ բժշկական-կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար գործարարներից է։ Նրա ղեկավարած ընկերություններից մեկը հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ «Moderna»-ի արտադրմամբ։

Կրթությունը զարգացման լոկոմոտիվն է

Աֆեյանը ԵՊՀ-ում ունեցած ելույթում նշել է նաեւ կրթության ոլորտի կարեւորությունը երկրի զարգացման գործում։ «Այն պետք է լինի անկյունաքարը, նրանից պետք է բխի ամեն ինչ»,- վստահություն է հայտնել գործարար։ Նրա գնահատմամբ՝  աշխարհում չկա որեւէ երկիր, որը կմտածեր, որ բավականաչափ ռեսուրսներ է հատկացնում կրթությանը։ «Առաջին հերթին, անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները եւ զարգացնել տնտեսությունն այդ ռեսուրսների ավելացման համար։ Բացի այդ, պետք է հավատալ հաջողությանը»,- ասել է Աֆեյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ ապագայի ներուժը կրթության մեջ է։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի կառավարությանը ներկայացնել մեր քննադատությունը կրթության ոլորտի վերաբերյալ։ Կարեւոր է մասնագետների ներգրավումը։ Բացի այդ, առանց համագործակցության եւ կոոպերացման մենք կարող ենք հայտնվել այն երկրների վիճակում, որոնք ռեսուրսներ չունեն եւ չեն զարգանում։ Մենք մշտապես քննադատում ենք ուրիշներին, բայց կարեւոր է սկսել մեզանից»,- ընդգծել է Աֆեյանը։

Ապագայի նախագիծը

Աֆեյանը տեղեկացրել է, որ «The FUTURE ARMENIAN» հանրային նախաձեռնության ծրագրի ավելի վաղ ընդունված 15 կետերի վերաբերյալ նախատեսվում է հայերի, այդ թվում սփյուռքահայերի ջանքերի միատեղման աշխատանք կատարել եւ սկսել ապագային միտված նախագծերի մշակումը։

15 կետերի մեջ են մտնում ապագա Հայաստանի համատեղ պլանավորման, Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգի եւ անվտանգության ավելի արդյունավետ համակարգի ստեղծման, պատմական Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ պատասխանատվության ընդունման գաղափարները, Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ նրա իրավավիճակի սահմանման երաշխիքները, երկրի ղեկավարության կողմից հիմնավորված որոշումների կայացումը եւ այլն։

«Պատերազմից հետո միջնորդավորված ձեւով ակտիվորեն մասնակցում ենք Ղարաբաղի վերականգնմանը։ Վերջին ժամանակներս այնտեղ մասնագետների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ ընթացիկ դժվարությունների հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է գործարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ