
Տարածաշրջանում կայուն անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց Կովկասում կայունության։ Այս մասին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամհանին, հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար։
Շամհանին նշել է երկու երկրների միջեւ խորը արմատացած պատմամշակութային կապերը՝ հավելելով, որ երկու պետություններն էլ համապատասխան ուղիներ ունեն բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։
Նրա խոսքով, երկկողմ կապերի ընդլայնման համար որեւէ սահմանափակում չկա, քանի որ իրանցի եւ հայ ժողովուրդները վերջին տասնամյակների ընթացքում աջակցել են միմյանց դժվարին ժամանակներում՝ տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում։
Երկու երկրների միջեւ տնտեսական փոխանակումների ներկայիս ծավալը չի համապատասխանում առկա հնարավորություններին, ասել է Շամհանին՝ ընդգծելով առեւտրատնտեսական փոխանակումների մեծացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առաջին տեղում պետք է դրվի առեւտրատնտեսական կապերի զարգացումը։