News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դուբայը հակադրությունների քաղաք է։ Մի կողմում բիզնես և առևտրի կենտրոններ են, երկնաքերներ ու շքեղություն, մյուս կողմում՝ գիպսից և փայտից կառուցված ավանդական շինություններ։ Այստեղ հանդիպում են նորն ու հինը, անցյալն ու ապագան։ Դրանցից մեկին կամ մյուսին ծանոթանալը ամբողջական պատկերացում չի ապահովի քաղաքի մասին, իսկ Դուբայի բազմաթիվ տեսարժան վայրերի մեջ ընտրություն կատարելը ամենևին էլ հեշտ չէ։

Սկսենք պատմական հատվածից․ Ալ Ֆահիդի պատմական թաղամաս


Բուր Դուբայի այս գեղատեսիլ թաղամասը քաղաքի ամենահին պատմական վայրերից մեկն է, որի կառուցումը սկսվել է 1900-ականների սկզբից: Տարածքում շրջայցը հնարավորություն է տալիս տեսնել հին քաղաքը՝ իր ավանդական հողմաշտարակներով, աշխույժ բակերով և ոլորուն ծառուղիներով:

Թաղամաս հասնելու համար կարող եք օգտվել ավանդական և մատչելի էմիրաթական «տաքսիներից»՝ աբրա նավակներից։

Այստեղ են գտնվում Դուբայի հայտնի կտորեղենի, համեմունքների, ոսկու, օծանելիքի շուկաները, որտեղ կարող եք գնել մատչելի, ձեռագործ և որակյալ ապրանքներ։

Մշակութային ընթրիք Էմիրությունների ոճով

Ալ Ֆահիդի պատմական թաղամասում գտնվող ինքնատիպ հաստատություններից մեկն է Շեյխ Մուհամեդ Բին Ռաշիդ Ալ Մաքթումի մշակութային փոխըմբռնման կենտրոնը, որտեղ ճաշի ընթացքում հյուրերը համտեսում են ավանդական էմիրաթական ուտեստներ և ծանոթանում տեղի մշակույթին, ավանդույթներին և կրոնին։

Կենտրոնի աշխատակիցները, պատասխանելով այցելուների հարցերին, մանրամասն ներկայացնում են ԱՄԷ-ի և դրա բնակիչների կյանքի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Ծանոթանանք Դուբայի և ԱՄԷ-ի զարգացման պատմությանը

Ալ Շինդաղա թանգարանում ներկայացված է Dubai Creek: Birth of a City (Դուբայ քրիք․ քաղաքի ծնունդը) անվանումով թվային ցուցահանդես, որի շրջանակում ցուցադրվում է նաև Դուբայի պատմության մասին նույնանուն ֆիլմ։ Թանգարանի մի հատված նվիրված է էմիրությունների սովորույթներից մեկին՝ օծանելիքի պատրաստմանը, որտեղ ներկայացվում են ձեռագործ օծանելիքի պատրաստման առանձնահատկությունները։

ԱՄԷ-ի ստեղծման՝ էմիրությունների միացման պատմությանը կարող եք ծանոթանալ Էթիհադ ինտերակտիվ թանգարանում։ Թանգարանը կառուցվել է Միության տան պատմական շենքի տարածքում, որտեղ էլ հիմնադիր հայրերի կողմից ստորագրվել է ԱՄԷ-ի սահմանադրությունը։

Այցելություն Դուբայի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ Ղուրանի այգի

Ղուրանի այգին նվիրված է իսլամական սուրբ գրքում՝ Ղուրանում հիշատակված 51 բուսատեսակներին։ Բացի դրանից, այգում 7 ցուցասրահներում ինտերակտիվ տեխնոլոգիաների միջոցով այցելուներին է ներկայացվում մարգարեների կողմից կատարված հրաշագործությունները, որոնք հիշատակված են Ղուրանում։

Այգում կան 12 այգիներ և ջերմոց, որտեղ պահպանվում են ներկայացված բույսերը։

Ավանդական սաֆարի անապատում

Platinum Heritage ընկերության կողմից կազմակերպվող սաֆարիները անմոռանալի տպավորություններ են պարգևում հյուրերին։

Ճանապարհորդությունն անապատով իրականացվում է 1950-ականների Land Rover-ներով, որոնք Դուբայում առաջին մեքենաներն են եղել, ներկայացվում է անապատի բուսական և կենդանական աշխարհը։

Մայրամուտին հյուրերի համար կազմակերպվում է վայրի բազեներով շոու, իսկ արդեն երեկոյան, հասնելով բեդուինների ճամբար, կարելի է ծանոթանալ նրանց կյանքի մանրամասներին, վայելել ավանդական բեդուինյան ընթրիք, ուղտերի վրա զբոսանք իրականացնել, իսկ աստղային երկնքի հայտնվելուց հետո հյուրերի համար կազմակերպվում է աստղագիտության կարճ դասընթաց, որի ընթացքում կարելի է պատկերացնել, թե ինչպես են բեդուինները կողմնորոշվել անծայրածիր անապատում։

Դուբայն ամռանը․ Summer Surprises փառատոն

Ամառը հրաշալի շրջան է Էմիրություններ այցելության համար, հատկապես գնումների սիրահարների համար։ Արդեն 25 տարի գնումների Dubai Summer Surprises փառատոնը միավորում է առևտրային կենտրոններն ու բուտիկները 25-95 տոկոս զեղչերով, տարաբնույթ ակցիաներով և զվարճություններով ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխաների համար։ Այս տարի DSS-ն անցկացվում է հուլիսի 1-ից սեպտեմբերի 4-ը։ Բացի գնումներից, փառատոնի շրջանակում ամեն շաբաթ կազմակերպվում են տեղական և համաշխարհային արտիստների դիտարժան ելույթներ։

Բացի դրանից, ամռանը Դուբայի հյուրանոցների և հանգստավայրերի մեծ մասը առաջարկում են մեծ զեղչեր և ակցիաներ, ինչպիսին է, օրինակ, «all inclusive» ֆորմատի հանգիստը։

Դրախտ գնումների սիրահարների համար

Ինչպես հայտնի է՝ Դուբայում է գտնվում աշխարհի ամենամեծ մոլը՝ Դուբայ մոլը։ Առտրի կենտրոնը զբաղեցնում է 1,1 միլիոն քառակուսի մետր տարածք և գտնվում է քաղաքի մյուս ռեկորդակիր շինության՝ ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի հարևանությամբ։ 

Դուբայ մոլը դրախտ է գնումների սիրահարների համար։ Մոլում ներկայացված են հազարավոր ապրանքանիշներ՝ հարմար ցանկացած գրպանի և նախասիրության։ Մեկ օրում հնարավոր չէ անցնել ոչ միայն ամբողջ մոլով, այլ անգամ դրա կեսը։

Բացի խանութներից, մոլում տեղակայված են բազմաթիվ ռեստորաններ և զվարճանքի այլ կենտրոններ։ Օրինակ՝ 10,000  խորանարդ մետր ծավալով ակվարիումը, որտեղ բնակվում են ավելի քան 33,000 ծովային կենդանիներ։ Այցելուները կարող են ակվարիումի բուսական և կենդանական աշխարհին ծանոթանալ 48-մետրանոց թունելով, իսկ սուր զգացողությունների սիրահարները՝  անմիջապես սուզվելով դրա մեջ։

Երեխաներին խանութներով վազվզելով չտանջելու համար նրանց կարելի է «հանձնել»  KidZania։ Սա Դուբայի փոքրացված տարբերակն է, որտեղ վերստեղծվել են քաղաքային 60 կենտրոններ, ներառյալ Heritage Village-ը։ Փոքրիկ այցելուներին հնարավորություն է տրվում մեկ օրով մեծահասակ դառնալ և փորձել ներկայացված 80 մասնագիտություններից մեկը։

Դուբայը՝ վերևից

150 մետր բարձրությամբ զույգ աշտարակներից և 93 մետր երկարությամբ կամրջից բաղկացած «Դուբայի շրջանակը» քաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է։ Կամրջի բարձրությունից կարելի է տեսնել Դուբայն՝ իր բոլոր գույներով։ Դիտարանի մի կողմից երևում է ժամանակակից Դուբայը, իսկ մյուս կողմից՝ հին Դուբայը։ Ինչպես նկատեցինք, Էմիրություններում մեծ ուշադրություն են դարձնում երկրի պատմության ներկայացմանը, այսպիսով՝ զարմանալի չէ, որ այս ժամանակակից կառույցի առաջին հարկում՝ մինչ բուն դիտարան հասնելը, հյուրերին 3D շոուի միջոցով ներկայացվում է հին Դուբայի բնակիչների կենցաղը։

Նորաբաց «The View» դիտակետը գտնվում է Nakheel Mall առևտրի կենտրոնի ներսում։ Այն կառուցված է Դուբայի հանրահայտ արհեստական կղզիներից մեկի՝ Պալմ Ջումեիրայի կենտրոնում։ Այսպիսով՝ այցելուները կարող են 360 աստիճանով տեսնել կղզին, Արաբական ծովածոցն ու բուն քաղաքը։ Մինչ հիմնական դիտակետ մտնելը այցելուները կարող են ծանոթանալ արհեստական կղզու կառուցման պատմությանը։

Ամենագեղեցիկ շինությունն աշխարհում կտեղափոխի ձեզ ապագա

Հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս, թե ինչպիսի ապագա է սպասվում մարդկությանը։ Դուբայի Ապագայի թանգարանը այցելուներին տեղափոխում է 2071 թվական՝ ներկայացնելով գալիք տարիներին սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՄԷ-ի տեսլականը։

Թանգարանը բացվել է բոլորովին վերջերս՝ փետրվարի 13-ին, և արդեն հասցրել է աշխարհի ամենագեղեցիկ շինության համարում ձեռք բերել։ Թանգարանի շենքը կառուցված է աչքի տեսքով՝ խորհրդանշելով այն աչքերը, որոնք տեսնում են ապագան։ Շենքը պատված է արաբերեն ձեռագրերով, որոնք պարունակում են մեջբերումներ Դուբայի էմիրության ղեկավար շեյխ Մուհամեդի մտքերից։

Պատասխանելով մարդկանց, քաղաքների, հասարակությունների, Երկիր մոլորակի և տիեզերքի ապագայի հետ կապված բազմաթիվ հարցերի՝ թանգարանի ցուցանմուշները պատկերում են մի աշխարհ, որը վեր է մարդկային առկա գիտելիքներից՝ այցելուներին տրամադրելով նորարարական փորձառություններ, որոնք ներկայացվում են հինգ տարբեր ցուցահանդեսներում, որոնք ուսումնասիրում են տիեզերական գործունեության, կլիմայի փոփոխության և էկոլոգիայի, առողջապահության և հոգևոր արժեքների զարգացման ապագան:

https://news.am/uploads/images/001/The-Heal-Institute-4.jpg

Գեղեցիկ տեսարանների սիրահարները հատկապես կգնահատեն զբոսանքը Դուբայի նորաբաց նավահանգստում՝ Dubai Creek Harbour-ում, որտեղ առաջարկում ենք այցելել նաև Mondoux ռեստորան՝ վայելելու ֆրանսիական խոհանոցի լավագույն ուտեստները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ