Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը եւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը երկուշաբթի Երեւանում քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր բախտ ունեցա հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի այդ, աշխատանքային հանդիպում եմ ունեցել իմ գործընկեր, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ Հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության բովանդակությունը... Այդ համագործակցության մաս է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, եւ այսօր իմ գործընկերոջ հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակումը, արտաքին սպառնալիքների մի ամբողջ համալիրի բացահայտմանն ու կանխմանն ուղղված համատեղ գործողությունները: Սպառնալիքներ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է Նարիշկինը։

Նա հավելել է, որ կողմերն առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են մշակում։

Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր Նարիշկինի եւ Փաշինյանի հանդիպման մասին, որտեղ քննարկվել է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Նարիշկինի այցը Հայաստան համընկել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի՝ Հայաստան ժամանման հետ:

Նարիշկինի խոսքով՝ իր այցը ՀՀ մայրաքաղաք հաստատ կապված չէ ամերիկացի գործընկերոջ ժամանման հետ:

«Չեմ բացառում, որ, ահա, նրա այցն ուղիղ կապ ունի իմ այցի հետ»,- ասել է նա։