News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Թուրքիայի կառավարությունն այս պահին Հայոց ցեղասպանության հարցը որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ չի քաշել, «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման հերթական թողարկմանը նման կարծիք է հայտնել թուրք հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի ղեկավար Թաներ Աքչամը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով կարող է Հայոց ցեղասպանության հարցը ազդել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման այս գործընթացի վրա։  

«Այս հարցը 1991թ-ին արդիական էր՝ Թուրքիան ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանն իր հերթին ճնշում գործադրի Սփյուռքի նկատմամբ՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար։ Կամ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հարցը։ Կարծում եմ՝ միջազգային հարաբերությունները ներկա պահին գերակայում են այս հարցերի նկատմամբ։ Թուրքիան այսօր հասկանում է, որ Հայաստանն ուժեղ պետություն չէ, եւ Թուրքիան նաեւ հասկացել է վերջին 30-40 տարում, որ Հայաստանը Սփյուռքի առաջ որեւէ նախապայման դնել չի կարող։ Հայկական Սփյուռքն անկախ միավոր է, եւ եթե Հայաստանը նույնիսկ ցանկանա Սփյուռքին ստիպել կանգնեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դա չի լինի, անիրատեսական սցենար է»,– ասաց նա։

Պատմաբանի խոսքով՝ եթե Թուրքիան պաշտոնապես առաջ քաշի այս հարցը, դա պետք է մերժվի, այդ հարցը չի կարող բանավեճի առարկա լինել առհասարակ։ «Պետք է նաեւ ազնիվ լինենք՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավարտվել է, հարցը լուծված է։ Կարո՞ղ եք ասել, թե էլ ովքեր պետք է ճանաչեն Ցեղասպանությունը՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի։ Այնպես որ, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը միջազգային հարաբերություններում արդեն փաստ է։ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան վերջինի հետ նորմալ հարաբերություններ ունի։ Չեմ կարծում, թե թուրքական կողմից Ցեղասպանության հարցը որպես նախապայման առաջ քաշելն իրատեսական գաղափար կլինի»,– ասաց նա։

Թաներ Աքչամի կարծիքով՝ Թուրքիայում կարող են քաղաքական որոշ գործիչներ լինել՝ հատկապես աջ ազգայնական, ծայրահեղական ուժերից, որոնք կարող են արտահայտվել այս հարցին մասին՝ դեմ լինելով գործընթացին, բայց հազիվ թե նման մոտեցումը ողջունվի անգամ թուրքական հասարակությունում, քանի որ ոչ ոք թուրքական կառավարության կողմից նման պահանջին չի աջակցի։

Խոսելով այն մասին, թե ինչու Թուրքիան չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ թուրհասարակությունը Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինչ ընկալումներ ունի հիմա, պատմաբանն ասաց, որ հասարակության եւ թուրքական պետության մոտեցումները պետք է հստակ տարբերակել միմյանցից։ Ըստ նրա՝ հասարակության մոտեցումների տեսանկյունից՝ Հրանտ Դինքը վճռորոշ դեր է խաղացել, քանզի նա թուրք ժողովրդի սիրտն ու միտքը փոխել է։

«Չեմ կարծում, որ մենք այն իրավիճակում ենք, որը կար 1990-ականներին․ գուցե Ձեր լսարանի համար ասածս շատ լավատեսական թվա, բայց կարող եմ նույնիսկ պնդել, որ թուրքական հասարակությունում մենք հոգեբանական պատերազմը հաղթել ենք, նրանք, ովքեր Հայոց ցեղասպանության հարցում քննադատաբար են մտածում,  կողմ են Հայոց ցեղասպանության փաստն ընդունելուն եւ սահմանը բացելուն»,– ասաց նա՝ հավելելով, որ 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին՝ նախքան Հրանտ Դինքի սպանությունը, իրենք ատելության քարոզի թիրախում էին, մի բանտախցից մյուսն էին նետվում, շատերը, այդ թվում՝ Դինքը, սպանվեցին, քրեական գործեր էին հարուցվում թուրք մտավորականների դեմ, ձերբակալում էին նրանց, մահվան սպառնալիքներ էին հնչեցվում, նույնիսկ Միացյալ Նահանգներում հսկայական արշավ կար հենց իր՝ Աչքամի դեմ։

«Մենք պաշտպանվողի դերում էինք, եւ նրանք հարձակվում էին մեզ վրա։ Նայեք, թե հիմա ինչ է կատարվում Թուրքիայում․ թուրքական կառավարությունը, նույնիսկ շատ ուժեղ լինելով հանդերձ, երբ համաժողովներ են կազմակերպում՝ վերջինը հենց նախորդ ապրիլին, կառավարության ներկայացուցիչները ելույթներում արդեն պաշտպանում են իրենց մոտեցումները, ագրեսիվ ատելության արշավ մեր դեմ չկա՝ նրանք էլ գիտեն, որ ակադեմիական դաշտում, ճշմարտության համար մղվող պատերազմում մենք հաղթել ենք, եւ այդ պատճառով էլ հիմա նրանք պաշտպանվողի դերում են»,– նշեց նա։

Թաներ Աքչամի խոսքով՝ թուրքական պետությունն այսօր իր սկզբնական մոտեցումներին է վերադարձել՝ 1920-ական թթ․՝ ավանդական ժխտողական քաղաքականությանը` բռնապետական ռեժիմի հաստատման հետ մեկտեղ։ Ամբողջ այս առաջընթացը, որ գրանցվել էր Թուրքիայում Հայաստանի անկախացման, քաղաքացիական հասարակության զարգացման պայմաններում, հետընթաց է ապրում՝ Թուրքիայում, ինչպես ինքը նշեց, «ձմեռը վերադարձել է»։

«Օսման Քավալան՝ քաղաքացիական հասարակության առանցքային գործիչ, որը նպաստում էր հայ-թուրքական երկխոսությանն ու հարաբերությունների կարգավորմանը, բանտում է հիմա, քրեական գործեր են հարուցված հայազգի պատգամավոր Գարո Փայլանի նկատմամբ։ Չնայած թուրքական պետության առաջացրած այս բացասական հետեւանքներին, չնայած նրան, որ Թուրքիան նորից իր սկզբնական՝ ժխտողական քաղաքականությանն է վերադարձել, ես կարծում եմ, որ մենք, այդուհանդերձ, շատ ավելի առաջ ենք այն վիճակից, որը 1990-ականներին էր տիրում։ Սա հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե Թուրքիայում ժողովրդավարացում տեղի ունենա, սա ուղիղ կապ ունի։ Ենթադրում եմ՝ այս պահին առկա, պայմանական ասած, «ձմեռը» կարճատեւ է լինելու՝ որովհետեւ Թուրքիայում հիմա բոլորն էլ գիտակցում են, որ 1915թ․ իրոք վատ բան է կատարվել, սա թուրքական հասարակության շրջանում տարածված պատկերացում է հիմա։ Թուրքական կառավարությունը այս մասին գիտի եւ չի էլ կարող կանգնեցնել սա»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ վախեր ունի թուրքական պետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, պատմաբանը պատասխանեց, որ այդ վախերը կապված ենհատուցման հետ, քանի որ եթե ընդունի, որ անցյալում սխալ բան է տեղի ունեցել, եթե անգամ չկոչի դա Ցեղասպանություն, այլ անվանի պատերազմական հանցագործություն, հանցագործություն մարդկության դեմ, ապա, ըստ միջազգային իրավունքի, դա պետք է շտկվի։

«Իմ կարծիքով՝ Թուրքիայի հիմնական վախն այն է, որ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա հարկադրված են լինելու հատուցել եւ կորցրածը վերադարձնել հայ ժողովրդին։ Սա գլխավոր խոչընդոտն է, բայց կա նաեւ այլ պատճառ, որը ես հոգեբանական գործոն եմ համարում։ Ամեն ժողովուրդ, պետություն հպարտանում է իր հիմնադիրներով։ Թուրքիայում նույնպես հպարտանում են իրենց հիմնադիրներով՝ Մուստաֆա Քեմալով եւ մյուսներով, հավատում ենք, որ ոչնչից ժողովուրդ ենք ստեղծել, կայսերական ուժերի դեմ պայքարել եւ այլն։ Եթե ընդունում ես անցյալում կատարված սխալները, ապա պետք է ընդունես միաժամանակ այդ նույն հիմնադիր հայրերի ունեցած դերը Հայոց ցեղասպանության ընթացքում»,– ասաց Թաներ Աքչամը։

Պատմաբանը հիշեցրեց, որ Թուրքիայի ազատագրական, անկախության համար պատերազմը հիմնականում ղեկավարում էր «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը, այն նույն կուսակցությունը, որը կազմակերպել եւ իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։ Հետեւաբար, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, պետք է նաեւ ընդունի, որ հիմնադիր հայրերի մեծ մասը ե՛ւ մարդասպաններ են եղել, ե՛ւ հարստացել են հայերի ունեցվածքը թալանելու եւ յուրացնելու միջոցով։

«Այդ պատճառով էլ հերոսներին ոճրագործ դարձնելը հեշտ գործընթաց չէ, բայց դա հնարավոր է անել ժողովրդավարական հասարակությունում։ Եթե Միացյալ Նահանգներում ասես, որ Ամերիկայի հիմնադիր հայրերը ստրկատերեր են եղել, որ իրենց նախագահները բնիկ ամերիկացիներին բնաջնջելու հրամաններ են տվել եւ առանցքային դեր ունեցել բնիկ ամերիկացիներին ցեղասպանելու գործում, դրա համար բանտում չես հայտնվի, որովհետեւ բոլորն էլ գիտեն դրա մասին, եւ բոլորն էլ կարող են ասել դա։ Թուրքիան էլ պետք է զարգանա եւ հասնի այս մակարդակին։ Եթե ժողովուրդը կարողանա խոսակցություն սկսել իր անցյալում տեղի ունեցած սխալների եւ մարդու իրավունքների նման ոտնահարումներում իրենց հիմնադիր հայրերի ունեցած դերի մասին, ապա ավելի ժողովրդավար հասարակություն կձեւավորվի։ Եվ դա վնասակար չի լինի, մենք՝ թուրքերս, պետք է գիտակցենք, որ մեր անցյալի, Հայոց Ցեղասպանության եւ մնացած զանգվածային վայրագություններում մեր հիմնադիր հայրերի ունեցած դերի մասին խոսելը հենց թուրք ժողովրդի շահերից է բխում եւ կնպաստի ավելի ժողովրդավարական հասարակություն ունենալուն»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ