News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Յոթ ամիս շարունակ կալանքի տակ գտնվող «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ավելի վաղ արդեն վճարվել էր սահմանված 20 մլն դրամ գրավը։

«Դատարանի այս որոշումը ուշացած, բայց գոնե արդար էր։ Պայքարը շարունակվում է, էս 7 ամիսը ինձ չի ընկճել։ Ինձ դիմավորած մարդկանց առաջ ես պարտավորություններ ունեմ, դրանք պատվով պետք է կատարեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Հիշեցնենք՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ