USAID վերջին ամիսներին մեր երկկողմ համագործակցության կարեւոր մասն է դարձել։ Եվ սա վառ ապացույց է, որ համատեղ համագործակցությունը կարող է ավելի լավ մոտեցումներ եւ ավելի լավ քաղաքականություն ապահովել: Այս մասին հուլիսի 22-ին, ելույթ ունենալով USAID-ի «Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը» ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին, ասաց USAID առաքելության ղեկավար Ջոն Ալելոն:
Դա, նրա խոսքով, թույլ կտա Հայաստանին ապահովել ինչպես տնտեսության զարգացումը, այնպես էլ սեփական քաղաքացիների բարեկեցությունը։ Ալելոն նաեւ նշել է, որ իրենք այս ուղղությամբ աշխատում են ավելի քան 20 տարի։
«Մենք զգալի դրական զարգացումներ ենք արձանագրել ամբողջ ոլորտում։ Նոր խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու նպատակով USAID-ն բիզնես միջավայրի բարեփոխմանն ու բարելավմանն ուղղված ծրագիր է գործարկել: Այն, մասնավորապես, հիմնված է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության վրա»,- ասաց Ալելոն։