News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։ 

Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:

Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն եւ քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության եւ քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար: 

Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:

Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում... 

Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:

Սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ հունիսին եւ հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով: 

Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:

Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի եւ խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա: 

Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի՞:

Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի: 

Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:

Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: 

Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:

Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը: 

Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:

ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է: 

Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով: 

Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:

Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է: 

Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը:

Այո: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում: 

Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:

Երկուերկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ: Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները եւ հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ