News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը դիմեց վախեցնելու իր սովորական մարտավարությանը` ստիպելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ջնջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր թվիթերյան գրառումը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան գրառում է հրապարակել չորս լուսանկարներով, որտեղ նա պատկերված է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելիս։ Նա իր թվիթում գրել է. «Ծաղկեպսակ դրեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»։ Մարությանը այցելուին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր և ցույց տվել Ադրբեջանի կողմից սպանված հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի տեղադրած ծաղկեպսակը սպիտակ և կապույտ ծաղիկներով էր, զարդարված կապույտ ժապավենով, որի վրա գրված էր «Միավորված ազգեր»։ Իր գրառման մյուս լուսանկարներում երևում էր, թե ինչպես է նա մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը Հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջում Հայոց ցեղասպանության թանգարանում և ստորագրում հուշամատյանում, որտեղ գրել է. «Ես շատ հուզված եմ այս թանգարան կատարած իմ այցելությունից: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար՝ Հայաստան իմ այցի շրջանակներում»։

Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հանդիպել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարարության կին դիվանագետների հետ և ելույթ ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ավարտական արարողության ժամանակ։

Շահիդի այցից և գրառումից կարճ ժամանակ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նրան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար և պնդելով, որ նրա այցը «Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր»։ Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է. «Նրանից ակնկալվում էր, որ կգործեր արդար և անաչառ կերպով, ավելի զգույշ և պատասխանատու կլիներ այս առումով։ 

ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի: Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերն ու միջազգային իրավունքը խեղաթյուրելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և անկեղծ շրջանակներում»:

Շահիդը, որը նաև Մալդիվների Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, անմիջապես ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը՝ ենթարկվելով թուրքական ճնշումներին։

Մինչ թուրքական կառավարությանը հաջողվել է իր կամքը պարտադրել ՄԱԿ-ի պաշտոնյային, ոչ մի հայ պաշտոնյա, որ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ, հոգ չի արել հարցնել, թե ինչու է նա ջնջել իր գրառումը, առավել ևս քննադատել նրան:

Իհարկե, ոչինչ չի կարող արդարացնել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հլուհնազանդ պահվածքը, որը ենթարկվել է բռնապետական վարչակարգի հրահանգին, հակառակ ՄԱԿ-ի սկզբունքներին, որոնք պահպանելու երդում էր տվել։ Երկու աղբյուրներ հաստատել են թուրքական կառավարության որոշ գործողությունները. Passblue.com կայքը բացահայտել է, որ Թուրքիան չեղյալ է համարել Շահիդի՝ Անկարա այցելության իր հրավերը: Թուրքական Superhaber.tv-ն այնուհետև բացահայտել է, որ Թուրքիան հետ է կանչել Շահիդի հրավերը՝ մասնակցելու օգոստոսի 8-12-ը Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին։ Թուրքիան հավանաբար կիրառել է այլ կուլիսային միջոցներ Շահիդին ճնշելու համար:

Շատ վիրավորական է, որ Շահիդը, համաձայնելով ջնջել իր թվիթը, անարգել է Հայոց ցեղասպանությունը, որը հաստատվել է հենց ՄԱԿ-ի կողմից: 1985 թվականի օգոստոսի 29-ին ՄԱԿ-ի «Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը» 15 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանության մասին զեկույց։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույցը» պատրաստել է բրիտանացի հատուկ զեկուցող Բենջամին Ուիթաքերը։ Այդ զեկույցի 24-րդ կետում ասվում է. «Նացիստական շեղումը ցավոք, ցեղասպանության միակ դեպքը չէր 20-րդ դարում: Ի թիվս այլ օրինակների, որոնք կարող են այդպես որակվել՝ 1904 թվականին գերմանական կոտորածը հերերոներին, [և] Օսմանյան կայսրության հայերի ջարդերը 1915-1916 թվականներին…»:

Զեկույցը ներառում էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ մատենագրություն: Այդ զեկույցի ավելի վաղ տարբերակը, որը պատրաստել էր Ռուանդայից ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշյանկիկոն, իր 30-րդ պարբերությունում ներառել էր հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որը հետագայում ջնջվեց ՄԱԿ-ի կողմից՝ Թուրքական կառավարության չափազանց մեծ ճնշումներից հետո: Այս փաստերի մասին գիտեմ առաջին ձեռքից, քանի որ 1978-1985 թվականներին ես եղել եմ ՄԱԿ-ում (Ժնև)՝ որպես մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ՝ հակազդելով Հայոց ցեղասպանության հիշատակումը ջնջելու թուրքական բազմիցս փորձերին:
Հայաստանի իշխանությունը կարող է տեղյակ չլինել այս փաստերին։ Առաջարկում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը խիստ ոճով գրված բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ վերականգնելու ջնջված թվիթերյան գրառումը և ներողություն խնդրելու հայ ժողովրդից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ