News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն, հայտնում է բրիտանական Metro թերթը։

Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, որ տղամարդիկ դրոշներ են ծածանում Քենսինգթոնում դեսպանատան պատշգամբից: Պատին արաբերեն կարգախոսներ են, ցուցարարները պոկել են Ադրբեջանի դրոշը։

Պարզ չէ, թե ինչպես է ավարտվել բողոքի ակցիան, սակայն, ըստ երեւույթին, այն կազմակերպվել էր «Մահդիի ծառաների միություն» կոչվող խմբի կողմից: Դա Լոնդոնում գործող շիա մահմեդական կազմակերպություն է, որն իր կայքում պնդում է, որ ցանկանում է «քաղաքակրթական գերակայություն» հաստատել: Դրա առաջնորդը՝ Յասեր ալ-Հաբիբը, հակասական հոգեւորական է, ում «Երկնային տիկինը» ֆիլմը հանվել էր բրիտանական կինոթատրոններից այս տարվա սկզբին՝ որոշ սուննի մահմեդականների բողոքի ցույցերից հետո, որոնք վիրավորված էին իսլամի պատմության նրա մեկնաբանումից։

Խմբի անդամները պատճառաբանում են Ադրբեջանի կառավարության կողմից երկրում որոշ շիա մահմեդականների հալածանքները։ Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ իրենց ղեկավարը հանձնարարել է «հրատապ միջոցներ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով դիվանագիտական ​​ներկայացուցչության գրավումը։ «Դեսպանատան գրավումը եւ ադրբեջանցի դիվանագետներին սպառնացող վտանգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ցուցարարները բերման են ենթարկվել, դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։

Ադրբեջանական haqqin.az կառավարամետ կայքը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, հայտնում է, որ խումբն ակցիան իրականացրել է «շիա պետություններից մեկի հատուկ ծառայությունների ազդեցության տակ»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ