News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շիրակցի գերիների հարազատները դժգոհ են գերիների վերադարձի շուրջ  Կառավարության կատարած աշխատանքից։

«Եղբայրս Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, մեկ տարի 8 ամիս է՝ նա գերության մեջ է։ Կառավարությունն ամեն անգամ նույն հեքիաթն է ասում, անընդհատ երկարացնում են ժամկետը, ոչ մեկը մարդկային վերաբերմունք ցույց չի տալիս, այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց նստած ենք, գոնե չեն մոտենում, հարցնեն՝ ինչ կարող են անել մեզ համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց գերիներից մեկի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող 1,8 տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ  պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Գերիների հարազատները ակցիաներ են արել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ։

Գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հետ հարազատները «Կարմիր Խաչի» միջնորդությամբ 40 օրը մեկ հեռախոսազրույց են ունենում։ Գերիների հարազատները հուսահատ վիճակում են, չգիտեն՝ որ կառույց դիմեն իրենց երեխաներին Բաքվի բանտերից ազատելու համար։

«Եթե մեր երկրի ղեկավարը մեզ չի ուզում ընդունի, կամ բան չունի մեզ ասելու, մենք գնանք ումի՞ց մեր երեխեքին պահանջենք։ Ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել, ինչքան կարելի է, մեկ տարի,  ութ ամիս է սպասողական վիճակում ենք, իրենց երեխեքը իրենց կողքին են, իսկ մեզ ուղարկում են այս կամ այն կառույցներ»,– ասաց գերիներից մեկի հարազատը։  

Գերիների հարազատներին այցելեց Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը պետք է հայտարարի, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարելու բանակցային գործընթացում, քանի դեռ Բաքուն չկատարի նոյեմբերի 9–ին ստորագրած հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Այս ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ