News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։

Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց  գումար պահանջել։

Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։

Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Խաչատուր Քոքոբելյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նա նշել էր, որ տվյալ անձանց ո´չ ինքը, ո´չ էլ ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ առնչություն երբևէ չեն ունեցել: «Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ: Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար: Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,– գրել էր նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ