News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Անհանգստությունների եւ անգամ հոգեխանգարմունքի ալիքը համակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին, քանի որ դաշնային քննիչներն ուժեղացրել են նախկին նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի վերահսկողությունը», գրել է Politico-ն։

Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) նստավայրի խուզարկությունից հետո Թրամփի դաշնակիցներն ու օգնականները սկսել են խոսել հնարավոր բազմաթիվ բացատրությունների եւ մտավախությունների մասին։ Ոմանք հավաստիացրել են, որ խուզարկությունը պատրվակ էր այլ վարկաբեկող հանցանշանների որոնման համար, որ ՀԴԲ-ն կեղծել է հանցանշանները, որպեսզի խուզարկության օրդեր ստանա, իսկ հետո որոշ վարկաբեկող նյութեր եւ ձայնագրող սարքեր է գցել Մար-ա-Լագոյում՝ հավաստիության համար։ Թրամփի կողմնակիցներն անգամ նշել են այն, որ խուզարկության օրը այն օրն է, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տվել 1974թ., գրել է պարբերականը։

«Երբ բանը հասնում է խորքային պետությանը, համընկնումներ չեն լինում։ Նրանք կարող էին այդ ստուգայցը կատարել մեկ-երկու օր առաջ կամ վաղը, բայց ընտրել են օգոստոսի 8-ը որոշակի պատճառով»,- ասել է Թրամփի վարչակազմում ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մոնիկա Քրուոլին։

«ՀԴԲ-ի խուզարկությունների առաջացրած շահարկումները այլ թափ են հավաքել՝ հայտնվելով այն անհանգստությունների ֆոնին, որ այսպես կոչված խորքային պետությունը փորձում է ստանալ նախկին նախագահին»,- նշել է հեղինակը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք բոլորս համաձայն ենք, որ սա կոռուպցիա է»,- ասել է  Թրամփի վստահված անձ Մայքլ Կապուտոն։ «Շատերն են համաձայն ինձ հետ այն հարցում, որ սա ներկայացում է, եւ այն նախատեսված է, որպեսզի վնասի նախագահին, հանրապետականներին միջանկյալ ընտրություններում, եւ նախատեսված է Դեմոկրատական կուսակցության շահերի առաջմղման համար։ Ու գիտեք ի՞նչ, դա լրիվ ձախողվել է»։

Չկա որեւէ ապացույց այն բանի, որ արդարադատության նախարարությունն ինչ-որ պատշաճ բան է արել, եւ փաստորեն նա ստացել է դաշնային դատարանի թույլտվությունը՝ խուզարկության օրդերի հավանության հարցում։

Սակայն լիարժեք տեղեկատվության բացակայության պայմաններում Թրամփի դաշնակիցները սկսել են դավադրությունների տեսություններ առաջադրել, որպեսզի բացատրեն հետաքննությունը։

Հավաստիացումները մասամբ հենվում էին Axios-ի եւ Newsweek-ի երկու հոդվածների վրա, որոնցում նշվում էր, որ ինչ-որ մեկը Թրամփի թիմից համագործակցում է կառավարության հետ։ Չորեքշաբթի երեկոյան այս թեման բացահայտ քննարկվում էր Fox News-ում։ Իսկ The Wall Street Journal-ի հոդվածում հավաստիացվում էր, որ վկան հաղորդել է ՀԴԲ-ին, որ բոլոր գաղտնի ձայնագրությունները չէ, որ բացահայտվել են, եւ օգնել է քննիչներին ճիշտ որոշել կորած ձայնագրությունների տեղը։

Բայց Թրամփի կողմնակիցների առաջադրած ավելի ագրեսիվ տեսություններից մեկն այն էր, որ հանցանշանները կարող էին տեղում դրվել ՀԴԲ-ի կողմից։ Թրամփն ինքը այս գաղափարն առաջադրել է սոցիալական ցանցի իր կայքում տեղադրված հաղորդման մեջ, այն պաշտպանել են սենատոր Ռենդ Փոլը (հանրապետական Քենտուկիի նահանգից), ինչպես նաեւ Fox News-ի հաղորդավարները, եւ անգամ Թրամփի փաստաբանը։

«Ես անհանգստացած եմ, որ նրանք կարող էին ինչ-որ բան դնել այնտեղ»,- երեքշաբթի Fox News-ի եթերում ասել է Թրամփի փաստաբան Ալինա Հաբբան։ «Ես չեմ վստահում կառավարությանը, եւ դա շատ վախեցնում է ինձ՝ որպես ամերիկացու։ Դա երրորդ աշխարհի երեւույթ է։ Դա Կուբա է։ Դա մեր երկիրը չէ»։

Թրամփն ու նրա խորհրդականներն աշխատել են նաեւ այն ուղղությամբ, որպեսզի ՀԴԲ-ի խուզարկությունը ծառայեցնեն իրենց քաղաքական շահերին։ Նախկին նախագահը պատասխանել է դաշնակիցների եւ Կապիտոլիումի բլրի օրենսդիրների հեռախոսազանգերին, որոնք նրան կոչ էին անում արագացնել իր մասնակցությունը 2024թ. նախագահական մրցարշավին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ