News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Քանի որ Եվրամիությունը թշնամություն է ցուցաբերում Մոսկվայի հանդեպ, ուկրաինա-ռուսական հակամարությունում միջնորդի դերի է հավակնում Էրդողանը։ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը խիստ զայրացած են Անկարայի վարքագծից, նշվել է Spiegel-ի հոդվածում, որի թարգմանությունը ներկայացրել է «Ինոսմի»-ն։

«Ուկրաինական հակամարտությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր համար ընտրել է խաղաղարարի դերը։ Բայց իր սեփական երկրում նա սրընթաց կորցնում է աջակցությունը։ Չի՞ գերագնահատում արդյոք Թուրքիայի նախագահն իր հնարավորությունները։

Ասում են, թե աշխարհագրությունը ճակատագիր է։ Աշխարհի քիչ տարածաշրջանների սա կարող է ավելի շատ վերաբերել, քան Թուրքիային։ Երկրի մի մասը Եվրոպայում է, մյուսը՝ Ասիայում, Բոսֆորը միացնում է Սեւ եւ Մարմարի ծովերը։

Թուրք քաղաքական գործիչները միշտ իրենց շահերի համար են օգտագործել երկրի աշխարհառազմավարական հատուկ դիրքը։ Բայց ոչ ոք այս հարցում ավելի շատ չի հաջողել, քան երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը կառավարում է 84 միլիոն բնակիչ ունեցող երկիրը, բայց  իրեն այնպես է պահում, ասես գերտերության ներկայացուցիչ է։ Միեւնույն է՝ ուկրաինական, թե սիրիական կամ լիբանանյան գործերում, միջազգային շատ հակամարտություններում Անկարան մի կողմ քաշված չի մնում։

Սա հատկապես հստակ դրսեւորվեց ցորենի հետ կապված գործարքում, որն Ուկրաինան եւ Ռուսաստանը կնքեցին երկու շաբաթ առաջ՝ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ։ Համաձայնագրի կնքման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը գերազանցեց իրեն՝ գովաբանելով թուրք առաջնորդին։ Իսկապես, հիմա ցորենը նորից նավերով Սեւ ծովի ուկրաինական նավահանգիստներից կտանեն այն երկրներ, որոնց հակառակ դեպքում սով էր սպառնալու։

Ուկրաինական հակամարտությունում Էրդողանը կատարում է երկակի դեր. նա պետությունների եւ կառավարությունների այն սակավաթիվ ղեկավարներից է, որը սերտ կապեր է պահպանում թե՛ Կիեւի, թե՛ Մոսկվայի հետ։

Պատերազմի սկզբում շատ դիտորդներ կարծում էին, թե «ճոճանակային» դիվանագիտությունը կարող է վնասել Թուրքիային։ Բայց Էրդողանը, միեւնույն է, այն իր քաղաքականության առանցքն է դարձրել։ Ուստի, Թուրքիայի նախագահն առայժմ քիչ հաղթողներից է ուկրաինական մարտադաշտերում։

Դեռեւս մի քանի ամիս առաջ Թուրքիան ասես մի ինչ-որ վտարյալ լիներ միջազգային քաղաքականությունում։ Իր բազմաթիվ սադրիչ գործողություններով Էրդողանն իր դեմ էր տրամադրել ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գործընկերներին։ Իսկ հիմա նրա հետ հանկարծ ցանկանում են շփվել ամբողջ աշխարհում։ Բոլորովին վերջերս ՆԱՏՕ-ն ընդառաջեց նրա կառավարությանը, որպեսզի հրաժարվի դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունն արգելակելուց։ Վտանգավորությունը Թուրքիայի համար այն է, որ Էրդողանը, ինչպես հաճախ է պատահել անցյալում, կարող է չափն անցնել։

Երբ 2011թ. զանգվածային բողոքները տապալեցին բազմաթիվ դիկտատուրաներ՝ արեւմտամետ եւ հակաարեւմտյան,  արաբական աշխարհում, Էրդողանն ու նրա այն ժամանակվա արտաքին քաղաքական հարցերի գլխավոր ստրատեգ Ահմեթ Դավութօղլուն սկսեցին կարծել, որ կկարողանան լրացնել առաջ եկած վակուումը։ Նրանց պատկերացումներով՝ Թուրքիան պետք է  դառնար տարածաշրջանի առաջատար երկիրը։ Փորձագետները Թուրքիայի նոր հավակնություններն անվանեցին նեոօսմանականություն։ Բայց նեոօսմանականությունը հանգեցրեց  Թուրքիայի մեկուսացման, որից այժմ դանդաղ ազատվում է։

Այն, որ Թուրքիայի նախագահը Արեւելյան Եվրոպայի ներկայիս հակամարտությունում էլ կարող է գերագնահատել իր հնարավորությունները, բացահայտվեց անցած ուրբաթ Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման ժամանակ։ Էրդողանն ամեն կերպ ցուցադրեց իր մերձավորությունը ռուս դիկտատորի հետ։ Նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ էլ ավելի սերտ են համագործակցելու տնտեսական ոլորտում, եւ որ Թուրքիան իր հաշիվների մի մասը գազի համար վճարելու է ռուբլով։

Բայց չէ՞ որ հաշված տարիներ առաջ Էրդողանն իր դեմ էր տրամադրել ՆԱՏՕ-ին՝ գնելով ռուսական հակահրթիռային համակարգեր։ Բացի այդ, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ծխացող հակամարտությունն Էգեյան ծովում գազի հանքավայրերի առնչությամբ շարունակվում է։ Այս երեքշաբթի թուրքական հորատանավը նորից պետք է ուղեւորվի վիճելի ջրային տարածք։ Արեւմտյան պաշտոնատար անձինք թուրքական կառավարությանը Financial Times թերթի միջոցով սպառնացել են տուգանային միջոցներով, եթե թուրքերը սկսեն օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Ուկրաինայի հակամարտությունում Էրդողանը փորձում է միջնորդի դեր խաղալ։ Բայց ՆԱՏՕ-ի գծով իր գործընկերներին նա երբեմն երկակի գործակալ է թվում, ինչը կարող է խնդիր դառնալ Թուրքիայի նախագահի համար։ Որքան էլ որ նա ջանա ցուցադրել իր անկախությունն արտաքին քաղաքականությունում, նրա սեփական երկիրը գտնվում է խոր ճգնաժամի մեջ։

Թուրքական տնտեսությունը կանգնած է կոլապսի շեմին, գնաճը վերջին ժամանակներս պաշտոնապես հասել է մոտ 80 տոկոս մակարդակի։ Փորձագետները կարծում են, որ իրական գնաճը կրկնակի բարձր է։ Թուրքական միջին դասի մի մասին աղքատացում է սպասվում։ Այսպիսի իրադրությունում թուրքական ընկերություններն ավելի, քան երբեւէ կախված են ԵՄ-ի պետությունների հետ ամուր կապերից, որոնց բաժին է ընկնում նրանց առեւտրային շրջանառության ավելի քան կեսը։

Ուստի, սիրախաղեր տալով Պուտինի հետ՝ Էրդողանը վտանգի է ենթարկում շատ բան։ Նրա վարկանիշը նախագահական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ամենացածր մակարդակում է իր կառավարման ամբողջ ընթացքում, եւ այդ գործոնը պետք է օգտագործել։ Գուցե համաշխարհային ասպարեզում իր ինքնավստահ պահվածքով նա խթանում է ազգայնականորեն տրամադրված ընտրողներին, բայց թուրք քաղաքացիների մեծ մասը նախ եւ առաջ շահագրգռված է տնտեսության առողջացմամբ, իսկ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ Արեւմուտքից։ Հարցումներից մեկի ժամանակ մարդկանց մեծ մասը երկրի տնտեսական վիճակն անվանել է վճռական գործոն ընտրություններում։ Արտաքին քաղաքականությունը մնացել է առաջնահերթությունների ցուցակի վերջնամասում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ