News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աղանուսի բնակիչները թերահավատ են, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հանձնված իրենց գյուղը կարող է վերադարձվել հայկական կողմին։ Աղանուսի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու հավանականության մասին օրեր առաջ հայտարարել էր Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Աղանուս համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչեւ 2020 թվական»,-«Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր նախարարը։

Արցախի Աղանուս գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44–օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ դեկտեմբերի 1–ին։ Գյուղը 102 բնակիչ ուներ, որոնք պատերազմի ընթացքում տարհանվել են։ Նրանց մեծ մասը բնակեցվել է Հայաստանում։ Այն մասին, որ գյուղը կարող է կրկին անցել Արցախի վերահսկողության տակ, գյուղի բնակիչները տեղեկացել են լրատվամիջոցներից։

Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը հասցրել է բնակիչների հետ խոսել, ասում է՝ աղանուսցիները վաղ են համարում գյուղ վերադառնալու մասին խոսել։

«Պատերազմից հետո ըստ իշխանությունների, Աղավնոն մնում էր հայկական, այսօր հակառակ պատկերն է, հիմա որքանո՞վ է հավաստի այդ լուրը, թե Աղանուսը հայկական է մնալու։ Ադրբեջանն այսօր արցախցուն տեղահանում է, ոչ թե բնակեցնում։ Վաղ է խոսել բնակիչների՝ Աղանուս տեղափոխվելու մասին, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են  հայն ու ադրբեջանցին կողք կողքի ապրել։ Բնակիչները 1994 թվականից մինչեւ 44–օրյա պատերազմը խաբված վիճակում են եղել, որեւէ մեկն այս պահին վերադառնալու նպատակ չունի, քանի որ մտածում են գոնե Հայաստանում անկյուն ստեղծելու մասին»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը։

Աղանուսը 1994 թվականի վերջից է վերաբնակեցվել, ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղում տարբեր տարիների մինչեւ 300 ընտանիք է ապրել, սակայն 44–օրյա պատերազմի ժամանակ գյուղում ընդամենը 13 ընտանիք կար՝ 102 բնակչով։

Աղանուսի բնակիչները տարհանվել են պատերազմի ժամանակ։ Գյուղը վերջինը լքել է համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Աղանուսում որեւէ տուն չի այրվել, սակայն պատերազմի ընթացքում, երբ բնակիչները տարհանվել են, գյուղի տները թալանվել են։

«Թալանը եղել է հայերի կողմից, բայց ոչ մի տուն չի այրվել»,– ասաց Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ