News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի խումբ լրագրողներ եւ իրավաբաններ դատի են տվել ԿՀՎ-ին եւ նրա նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին՝ կապված այն պնդումների հետ, թե հատուկ ծառայությունը լրտեսել է իրենց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ հանդիպման ժամանակ, երբ նա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում, հայտնում է Reuters-ը։

Հայցում ասվում է, որ Պոմպեոյի օրոք ԿՀՎ-ն խախտել է այս ամերիկացի լրագրողների եւ իրավաբանների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ լրտեսելով նրանց: Հայցվորների թվում են լրագրողներ Չարլզ Գլասը եւ Ջոն Գեթսը, ինչպես նաեւ փաստաբաններ Մարգարեթ Կանսթլերը եւ Դեբորա Հրբեքը, որոնք ներկայացրել են Ասանժի շահերը:

«Միացյալ Նահանգների Սահմանադրությունը պաշտպանում է ամերիկացի քաղաքացիներին ԱՄՆ կառավարության կողմից չարաշահումներից, նույնիսկ եթե գործողությունները տեղի են ունենում այլ երկրում գտնվող օտարերկրյա դեսպանատանը»,- ասում է հայցվորների շահերը ներկայացնող գլխավոր փաստաբան Ռիչարդ Ռոթը:

ԿՀՎ-ին, որը հրաժարվել է մեկնաբանել հայցը, արգելվել է հավաքել ԱՄՆ քաղաքացիների հետախուզական տվյալներ, թեեւ մի քանի օրենսդիրներ պնդում են, որ գործակալությունը ամերիկացիների հաղորդակցությունների տվյալների գաղտնի պահոց ունի:

Հայցը երկուշաբթի օրը ներկայացվել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան:

Հայտարարության մեջ ասվում է, որ լրագրողներից եւ իրավաբաններից պահանջվել է նախքան Ասանժին այցելելն իրենց էլեկտրոնային սարքերը հանձնել Undercover Global S.L. անվտանգության մասնավոր ընկերությանը, որն այն ժամանակ ապահովել է դեսպանատան անվտանգությունը: Հայցում ասվում է, որ ընկերությունը պատճենել է այս տեղեկատվությունը եւ այն փոխանցել ԿՀՎ-ին, որի ղեկավարն այն ժամանակ Պոմպեոն էր:

Ասանժը յոթ տարի անցկացրել է դեսպանատանը, նախքան 2019 թվականին բանտարկվելը։

Ասանժը դիմել է Լոնդոնի Գերագույն դատարանին՝ խնդրելով արգելափակել իր արտահանձնումը ԱՄՆ-ին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Ասանժին 18 հոդվածներով, ներառյալ WikiLeaks-ի կողմից ԱՄՆ ռազմական գաղտնի փաստաթղթերի եւ դիվանագիտական հեռագրերի հրապարակման հետ կապված լրտեսության մեղադրանքը: Նրա համախոհներն ասում են, որ նա հակաիշխանական հերոս է, ով զոհ է դարձել այն բանի համար, որ բացահայտել է Աֆղանստանի եւ Իրաքի հակամարտությունների ժամանակ ԱՄՆ-ի իրավախախտումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ