News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ինժեներները ստեղծել են գերհզոր հետազոտական մագնիս հարավարեւելյան Հեֆեյ քաղաքի լաբորատորիայում: Համակարգը ստեղծում է կայուն մագնիսական դաշտ՝ 45,22 տեսլա հզորությամբ, միաժամանակ սպառելով 26,9 մեգավատտ էներգիա։ Արդյունքում Չինաստանը կարողացել է գերազանցել 45 տեսլա համաշխարհային ռեկորդը, որը պահպանում էր ԱՄՆ-ը վերջին 23 տարում։ Չինական մագնիսի մագնիսական դաշտի ուժգնությունը ավելի քան մեկ միլիոն անգամ ավելի մեծ է, քան Երկրի բնական մագնիսական դաշտինը, գրում է HighTech+-ը։

Մշակողների խոսքով՝ տասնամյակներ են պահանջվել նոր մագնիսի նախագծման համար, սակայն դրա հնարավորությունները մոտ ապագայում կվճարեն ծախսերը։ Օգտագործելով նոր սարքը՝ գիտնականները կարագացնեն ֆիզիկական երեւույթների ուսումնասիրությունը, բարդ միջավայրերի մոդելավորումը եւ էլեկտրոնիկայի զարգացումը։ Նոր մագնիսը գերազանցել է 1999 թվականին ԱՄՆ-ում բարձր մագնիսական դաշտի ազգային լաբորատորիայի (MagLab) սահմանած ռեկորդը: Այդ մագնիսը գեներացրել է 450 000 գաուս (45 տեսլա) եւ 23 տարի պահել է ամենահզոր լուծման տիտղոսը։

Չինական մագնիսը հիբրիդային տեխնոլոգիա է: Այն օգտագործում է երկու միաժամանակ մագնիսական դաշտ ստեղծելու տարբեր եղանակներ՝ օգտագործելով գերհաղորդիչ օղակ եւ Բիթերի ներքին դիմադրողական մագնիս: Վերջինս հիմնված է փաթեթավորված սկավառակների վրա։ Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր սահմանափակումները: Գերհաղորդիչ մագնիսը պահանջում է համեմատաբար փոքր քանակությամբ էներգիա, բայց միեւնույն ժամանակ ունի մագնիսական դաշտի ուժի սահման, իսկ Բիթերի մագնիսը չի կարող առանց մշտական եւ մեծ լարման:

Այս համակարգերը միասին փոխհատուցում են միմյանց թերությունները եւ թույլ են տալիս ստեղծել կայուն մագնիսական դաշտ: Նկարագրված մոտեցումը օգտագործվել է անցյալ նախագծերում, սակայն չինացի ինժեներները պարզել են, թե ինչպես այն օպտիմալացնել: Դրա համար նրանք թարմացրել են մագնիսի կառուցվածքը եւ մշակել նոր նյութեր։ Թե ինչ տարրեր են օգտագործվել նոր նախագծում, հեղինակները չեն բացահայտում։ Արդյունքում դիմադրողական մագնիսը տվել է 34,22 տեսլա, իսկ գերհաղորդիչ օղակը՝ մնացած 11 տեսլան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ