News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երեք օր առաջ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով  փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։

Պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 6 հրշեջ եւ 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված եւ կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի եւ Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 եւ 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար եւ 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից եւ 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաեւ քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա եւ 2 ավտոկռունկ։

Այս պահին որոնվում է 2 քաղաքացի՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ