News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Լեհաստանը գնում է դեպի ռեցեսիայ, նրա արժույթը արժեզրկվում է, իսկ գնաճը ամենաբարձրներից մեկն է ԵՄ-ում, սակայն երկրի կենտրոնական բանկի ղեկավարն այլ մտահոգություններ ունի։

Լեհաստանի համար վտանգը Բեռլինում ու Բրյուսելում է թաքնված, զգուշացրել է Լեհաստանի ԿԲ նախագահ Ադամ Գլապինսկին՝ աջակողմյան Gazeta Polska-ին տված հարցազրույցում։ Գերմանիան ձգտում է «այս կամ այն կերպ վերադարձնել իր նախկին հողերը, որոնք այժմ գտնվում են Լեհաստանի սահմաններում, եւ իրեն հպատակեցնել Գերմանիայի ու Ռուսաստանի միջեւ գտնվող երկրների այս ամբողջ գոտին»,- ասել է Գլապինսկին՝ նկատի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածքային կարգավորումը, երբ որոշ արեւելագերմանական տարածքներ փոխանցվեցին Լեհաստանին։

Նա զգուշացրել է, որ Բեռլինի մտադրություններն առաջ է քաշում Լեհաստանի գլխավոր ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, ինչպես նաեւ Լեհաստանի նախկին վարչապետ եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, գրում է Politico-ն։

«Արդեն մեկ տարի է, ինչ ասում են, որ Բրյուսելի կողմից Տուսկի առաջ դրված խնդիրը միայն Լեհաստանի գործող իշխանությանը տապալելը եւ մեր երկիրը դեպի եվրոգոտու ուղեգիծ տանելը չէ»,- ասել է Գլապինսկին։ «Երբ այս խնդիրները ավարտվեն, Տուսկը պետք է վերադառնա Բրյուսել, դառնա Եվրահանձնաժողովի ղեկավար եւ արագացված ջանքեր գործադրի եվրոպական պետություն ստեղծելու համար»:

Գլապինսկին զգուշացրել է, որ այս ամենը մայրցամաքը վերահսկողության տակ առնելու Բեռլինի ավելի մեծ ծրագրի մի մասն է: Ավելի վաղ տված հարցազրույցում Գլապինսկին ասել էր․ «Տուսկն ուղարկվել է Լեհաստանը Գերմանական եվրոպական կայսրության մեջ ներառելու ծրագրով»:

Տուսկը Գլապինսկու երկրպագուն չէ եւ խոստացել է, որ եթե ընդդիմությունը հաղթի հաջորդ ընտրություններում, Գլապինսկին առանց աշխատանքի կմնա։

«Ադամ Գլապինսկին ոչ միայն կոմպետենտ չէ։ Ադամ Գլապինսկին նաեւ ոչ լեգալ է»,- ասել է Տուսկը անցյալ ամիս կուսակցության հանրահավաքում:

Սակայն առայժմ Գլապինսկին հաստատապես ղեկավարում է Լեհաստանի Ազգային բանկը, եւ նա պնդում է, որ Եվրահանձնաժողովը գործարքի մեջ է Գերմանիայի հետ եւ գործում է ընդդեմ «Օրենք եւ արդարություն» կուսակցության գլխավորությամբ Լեհաստանի ազգայնական կառավարության: Գլապինսկին ասում է, որ այդ պատճառով ԵՄ-ն չի վճարում 35 միլիարդ եվրո վարկերը եւ դրամաշնորհները՝ համավարակից հետո վերականգնման հիմնադրամից:

Բրյուսելն ասում է, որ փողերը ստանալու համար Լեհաստանը պետք է կատարի համաձայնեցված «հիմնակետերը» եւ չեղյալ համարի դատական համակարգի փոփոխությունները, որոնք, ինչպես համարվում է, այն դրել են քաղաքական վերահսկողության տակ, սակայն Գլապինսկին եւ «Օրենք եւ արդարության»կողմնակիցները պնդում են, որ Հանձնաժողովը քաղաքականություն է խաղում:

ԵՄ-ն «ցանկանում է այդ գումարը փոխանցել հաջորդ կառավարությանը»,- ասել է ԿԲ ղեկավարը։

Նա հավելել է, որ Բրյուսելին եւ Բեռլինին հատկապես զայրացնում է այն փաստը, որ Լեհաստանը հաջողության պատմություն է։

«Ինքնիշխան կենտրոնական բանկի, մեր սեփական արժույթի՝ զլոտիի առկայությունը եւ մեր դինամիկ տնտեսական զարգացումը՝ ահա ինչն է ամենաշատը զայրացնում նրանց»,- ասել է Գլապինսկին: Լեհաստանը համաձայնել է անցնել միասնական արժույթի, երբ միացել է ԵՄ-ին 2004 թվականին, սակայն ներկայիս կառավարությունը ցանկանում է հավատարիմ մնալ զլոտիին:

Վերջին թվերը վկայում են այն մասին, որ Լեհաստանի տնտեսությունը հեռու է դինամիկ լինելուց:

Չորեքշաբթի օրը Լեհաստանի վիճակագրական գործակալությունը հայտնել է, որ ՀՆԱ-ն այս տարվա երկրորդ եռամսյակում տարեկան աճել է 5,2 տոկոսով՝ առաջին եռամսյակի 8,5 տոկոսի համեմատ։ Եռամսյակային կտրվածքով 2,3 տոկոս կրճատումը Լեհաստանին դնում է ԵՄ-ի տնտեսությունների ցանկի վերջին տեղում, ըստ Եվրոստատի տվյալների:

«Տնտեսական ակտիվությունը դանդաղում է։ Հնարավոր է, որ սա դեռ արտակարգ իրավիճակ չէ, բայց աճը նկատելիորեն դանդաղում է»,- գրում է Լեւիտանի գործատուների կոնֆեդերացիայի գլխավոր տնտեսագետ Զբիգնեւ Մաչենգը:

Այս լուրը հանգեցրել է զլոտիի իջեցմանը դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Այս տարի լեհական արժույթը դոլարի նկատմամբ նվազել է 14 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 3 տոկոսով։

Մաչենգը կանխատեսել է, որ տնտեսությունը կշարունակի դանդաղել, ինչը խնդիրներ է ստեղծում կենտրոնական բանկի համար։ Շատ ուշ է սկսել տոկոսադրույքները բարձրացնել, երբ ինֆլյացիան սկսել է աճել անցյալ տարի։ Բանկի բազային տոկոսադրույքը կազմում է 6,5 տոկոս, իսկ տարեկան ինֆլյացիան հուլիսին կազմել է 15,5 տոկոս։ Սակայն աճի անսպասելի կտրուկ դանդաղումը նշանակում է, որ տոկոսադրույքների ցանկացած հետագա բարձրացում կարող է խորացնել ռեցեսիան:

«Այս ամենը նշանակում է, որ Լեհաստանում գնալով ավելի դժվար է դառնում հույսը դնել տոկոսադրույքների հետագա բարձրացման վրա»,- ասել է լեհական ING Bank Śląski-ի տնտեսագետ Պյոտր Պոպլավսկին:

ԵՄ-ից միլիարդավոր եվրոների պակասը, տնտեսության դանդաղումը եւ բարձր գնաճը պոտենցիալ դժվարություններ են ստեղծում «Օրենք եւ արդարության» համար, քանի որ կուսակցությունը պատրաստվում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին:

Գլապինսկու խոսքով՝ քանի որ Բրյուսելն ու Բեռլինը ուժեղացնում են ճնշումը Վարշավայի վրա, խաղադրույքները հսկայական են: «Մենք պետք է համբերենք, մենք պետք է հաղթենք, մենք պետք է պահպանենք զլոտին, մենք պետք է պահպանենք հայրենասեր կառավարությունը, որպեսզի 10 տարի հետո կարողանանք հավասար իրավունքներով սեղանի շուրջ նստել գերմանացիների, ֆրանսիացիների, իտալացիների եւ մնացած բոլորի հետ»,- ասել է նա։

Կենտրոնական բանկը չի պատասխանել Գլապինսկու հարցազրույցը մեկնաբանելու խնդրանքին, որը նա տեղադրել է իր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաոլո Ջենտիլոնին ԵՄ-ին միասնության կոչ է անում՝ ակնարկելով Գերմանիային
Մենք չենք մեղադրում երկրներին, մենք չենք քննարկում այն փաստը, որ առանձին երկրներ եւ անդամ պետություններ աջակցում են իրենց տնտեսություններին․․․
Եվրահանձնաժողովը պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումներին
Ապրիլին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սկսել է գազի պահեստավորման արշավ՝ ուժեղացնելու իր պաշտպանությունը քիմիական, միջուկային եւ կենսաբանական միջադեպերից․․․
Բադասյանը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումները. ԵՄ աջակցության ընթացիկ ծրագրերը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է...
ԵՀ-ն Գերմանիայի հետ քննարկում է 200 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթը
200 միլիարդ եվրո արժողությամբ «անվտանգության վահանը», ներառյալ գազի գնի իջեցումը եւ վառելիքի վաճառքի հարկի նվազեցումը․․․
Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի․ ՄԷԳ
Նշվում է, որ Եվրամիության երկրները ստիպված կլինեն ձմռանը 13 տոկոսով կրճատել գազի սպառումը․․․
ԵՄ-ն եւ Իսրայելը 10 տարվա մեջ առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել
«Ավելի լավ է նստել եւ անկեղծորեն քննարկել, քան խուսափել որեւէ շփումից։ Իհարկե, մենք մտահոգություն ենք հայտնում, բայց կարծում եմ, որ քննարկումն ավելի լավ է»,-Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը․․․
Ամենաշատ