News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ՕՊԵԿ+ նավթային գործարքի մաս կմնա  2022 թվականից հետո, Reuters-ին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Ղայսը։

Նա նշել է, որ, չնայած մինչեւ տարեվերջ ռուսական նավթի մատակարարումների կրճատմանն ուղղված միջոցառումներին, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ՕՊԵԿ+-ի անդամների կողմից  2019-ի հուլիսին ստորագրված համագործակցության խարտիայի մաս կմնա։
ՕՊԵԿ+-ը նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ դաշնակիցների դաշինքն է։

«Մենք կցանկանայինք երկարաձգել համաձայնագիրը Ռուսաստանի եւ ՕՊԵԿ-ի անդամ այլ երկրների հետ… ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ համաձայնագիրը չի երկարաձգվի»,- ասել է Ալ-Ղայսը:

«Դա երկարաժամկետ հարաբերություններ են, որոնք 23 երկրների միջեւ հաղորդակցության եւ համագործակցության ավելի լայն եւ համապարփակ ձեւեր են ընդգրկում: Դա ոչ միայն արտադրության ճշգրտման է վերաբերում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ռուսական նավթի փոխարինումը «հեշտ գործ չէ», եւ ռուսական արտադրության անկումը «լուրջ հետեւանքներ կունենա սպառողների համար»: «Ինչ միջոցներ էլ որ ձեռնարկվեն ապագայում… գնորդներն ու վաճառողները կարող են հարմարվել, եւ նրանք միշտ կարող են ուղիներ եւ միջոցներ գտնել առեւտրային հոսքերւ վերաուղղման համար», - ասել է Ալ-Ղայսը:

Ռուսաստանը սկսել է աստիճանաբար մեծացնել նավթի արդյունահանումը պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներից եւ ասիական գնորդների կողմից գնումների ավելացումից հետո, ինչը ստիպել է երկրին մինչեւ 2025 թ. վերջ բարձրացնել իր արդյունահանման եւ արտահանման կանխատեսումները:

Հայթամ ալ-Ղայսը նշել է, որ ֆիզիկական շուկայում նավթի պահանջարկը մեծ էր, Չինաստանում տնտեսական տեմպերի դանդաղման հետ կապված մտավախությունները չափազանցված են, եւ պահանջարկը, հավանաբար, աջակցություն կգտնի ռեակտիվ վառելիքի օգտագործման հաշվին, քանի որ մարդիկ ավելի շատ են ճանապարհորդում:

«Շատ մտավախություններ կան,- ասել է Ալ Ղայսը:- Շատ շահարկումներ եւ անհանգստություններ կան, եւ հենց դա է հիմնականում նպաստում գների անկմանը… Մինչդեր ֆիզիկական շուկայում մենք ամեն ինչ բոլորովին այլ կերպ ենք տեսնում: Պահանջարկը դեռ կայուն է։ Մենք շատ լավատես ենք պահանջարկի հարցում եւ շատ լավատես ենք պահանջարկի նկատմամբ մինչեւ այս տարվա վերջ»:

«Իմ կարծիքով, Չինաստանի հետ կապված մտավախություններն իսկապես չափազանցված են,- ասել է Ալ-Ղայսը, ով իր կարիերայի սկզբում չորս տարի աշխատել է Չինաստանում:- Չինաստանը շարունակում է տնտեսական աճի ֆենոմենալ վայր մնալ»։

Սեպտեմբերի 5-ին նախատեսված ՕՊԵԿ+-ի հաջորդ նիստի նախաշեմին Ալ-Ղայսն ասել է, որ վաղաժամ է ասել, թե ինչ որոշում կկայացնի ՕՊԵԿ+-ը, թեեւ ինքը հաջորդ տարվա հեռանկարը դրական է գնահատում. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրադարձությունները  կզարգանան: Բայց, ինչպես ասացի, մենք լավատես ենք մնում։ Մենք 2023 թ. պահանջարկի աճի դանդաղում ենք տեսնում, բայց այն չպետք է ավելի վատը լինի, քան նախկինում էր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ