News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Բագրատունյաց պողոտա–Արտաշիսյան փողոցի խաչմերուկի վերգետնյա անցումը, որն ութ տարի առաջ կառուցվել էր բնակելի շենքերից մեկ մետր հեռավորության վրա, այս օրերին ապամոնտաժվում է։

NEWS.am-ի հետ զրույցում ապամոնտաժող ընկերության՝ «NAVITAS» ՍՊԸ–ի աշխատակիցն ասաց, որ վերգետնյա անցումն ապամոնտաժվում է բնակիչների բողոքների հիման վրա:

«Մարդիկ բողոքում են, որ վերնանցումը փակում է իրենց տեսադաշտը, արեւ չկա»,– ասաց նա։

Դեռ  ութ տարի առաջ, երբ բնակելի շենքի հարեւանությամբ կառուցվում էր այս վերգետնյա անցումը, բնակիչները դժգոհում էին, որ այն կզրկի իրենց արեւի լույսից։ Այս օրերին տարածքի բնակիչները ուրախությամբ են հետեւում ապամոնտաժման աշխատանքներին։ Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ չնայած վերգետնյա անցումի առկայությանը, մարդիկ հաճախ փողոցն անցնում էին չթույլատրված հատվածով:

«Ո՞րն էր այդ վերգետնյա անցումի իմաստը, եթե մարդիկ դրանից չեն օգտվում եւ ներքեւով են անցնում։ Անցումից օգտվելն իսկապես հարմար չէ, աշխատանքից հոգնած գալիս ես, կանգառում սպասում,  հետո պետք է այդ վերգետնյա անցումի աստիճաններով բարձրանաս–իջնես։ Ես ստիպված եմ փողոցն անցնել այդ անցումով, էնպես որ այս տարբերակն ավելի ճիշտ է»,- ասաց բնակիչներից մեկը:

«Վերջապես լույսը բացվեց, մեր տանն ընդհանրապես լույս չէր ընկնում։ Ցերեկները մեր ննջասենյակի լույսը պետք է միացված լիներ: Հիմա լավ է, որ ապամոնտաժում են: Վիճակն այնպիսին էր, որ անգամ վերգետնյա անցումից օգտվողների խոսակցությունն էր լսվում, մարդիկ կային, որոնք նույնիսկ կանգնում՝ նայում էին»,– նշեց մեկ այլ բնակիչ։

Նշենք, որ օգոստոսի 12-ից սկսվել են Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա անցումի ապամոնտաժման աշխատանքները։ Սրանով պայմանավորված, 1 ամսով փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթեւեկելի գոտի:

Քաղաքապետարանից հայտնում են՝ գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երեւանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ եւ 3-րդ երթեւեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթեւեկությունը կիրականացվի 1-ին եւ 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթեւեկելի կլինեն 1-ին եւ 2-րդ գոտիները:

Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երեւանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթեւեկելի գոտին):

Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչեւ աշխատանքների ավարտը:

Տպել
Ամենաշատ