News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուս խաղաղապահների հարցը մեծ մասամբ կախված կլինի Ուկրաինայի հակամարտության արդյունքներից։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական փորձագետ Արգիշտի Կիվիրյանը։

«Շատ բան կախված կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակից, նրանից, թե ինչ տեսքով Ռուսաստանի Դաշնությունը դուրս կգա հակամարտությունից: Դրանից էլ կախված կլինեն նրա քայլերը մեր տարածաշրջանում։ Եթե Մոսկվան թուլացած դուրս գա, ապա Արեւմուտքը կփորձի դուրս մղել նրան այստեղից։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս գա ավելի ուժեղացած, ապա հաջորդ տեղը, որտեղ նա կիրականացնի իր հավակնությունները, կլինի Հարավային Կովկասը։ Միջին Ասիան ավելի հեշտ կլանելու համար Մոսկվան պետք է իր վերահսկողության տակ վերցնի Հարավային Կովկասը՝ այդպիսով կտրելով բազմաթիվ ուղիներ ու ճանապարհներ, եւ լուծի թուրքական ազդեցության խնդիրը»,- ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց, որ խաղաղապահները դեռեւս մանդատ չունեն Արցախում, սակայն Ադրբեջանն այս պահին ի զորու չէ նրանց դուրս բերել Ղարաբաղից։

«Եթե Ռուսաստանի Դաշնությունը հակամարտությունից դուրս գա թուլացած, ապա Բաքուն կբարձրացնի այդ հարցը։ Ադրբեջանը ոչ միայն սպասում է դրան, այլ նաեւ օգնում է Կիեւին, այդ թվում՝ սպառազինությամբ։ Բաքուն հասկանում է, որ եթե Մոսկվան հաղթի Ուկրաինայում, ապա Ադրբեջանը լուրջ խնդրի առաջ կկանգնի խաղաղապահների մանդատի հարցում։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կսկսի պնդել, որ խաղաղապահները, որոնցից կախված է Արցախում հայկական տարրի առկայությունը, դուրս բերվեն այնտեղից։ 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի միջնորդությամբ երեք փաստաթուղթ է ստորագրվել, ուստի Ռուսաստանի Դաշնությունը հիմա խանդով է վերաբերվում բրյուսելյան գործընթացներին։ «Սակայն չեմ կարծում, թե նա իր համար լուրջ սպառնալիքներ է զգում, քանի որ Արցախում ռուս խաղաղապահներ կան։ Եվ ոչ միայն այնտեղ, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գոտում։ Ուստի նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության ձեռքում է»,- հավելեց Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը փորձում է վերմակն իր վրա քաշել։

«Չեմ կարծում, որ մոտ ապագայում լուրջ փոփոխություններ կլինեն. Որոշակի ակտիվություն կարող է սկսվել միայն սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ, բայց այդ գործընթացն էլ կարող է տասնամյակներ տեւել։ Ակտիվություն կարող է սկսվել նաեւ հաղորդակցությունների հարցում, բայց նույնիսկ այստեղ ես կասկածում եմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայի հարց է։ Միայն համաշխարհային էքսցեսները կարող են արագացնել գործընթացները։ Շատ բան կախված կլինի նաեւ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանության ղեկին»,- ասաց նա։

Վերլուծաբանը նշեց, որ գործող ռեժիմը Հայաստանը սուբյեկտից վերածել է օբյեկտի, բանակը որպես ռազմաքաղաքական գործոն վերացել է, Արցախից մի ոչ մեծ կտոր է մնացել, այն էլ՝ խաղաղապահների պաշտպանության տակ։

«Հայաստանի իշխանությունները լվացել են ձեռքերը Արցախից՝ անվտանգության բոլոր հարցերը դնելով Մոսկվայի ուսերին, եւ չեն էլ փորձում վերականգնել իրենց դիրքերը, որպեսզի ապահովեն իրենց սահմանների, իսկ հետո՝ Արցախի հայության անվտանգությունը։ Նրանք ընդամենը որոշակի ֆինանսական օգնություն են ցուցաբերում եւ միջազգային հարթակներում անդրադառնում են Արցախի հարցին»,- ասաց Կիվիրյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը Բաքվի խնդրանքով դուրս է բերել զինծառայողներին Արցախից՝ պաշտոնապես հայտարարելով այդ մասին։ Նման գործողություններն անընդունելի են։

«Այս բոլոր ծամածռությունները, Նիկոլի քաղաքականությունը հանգեցրին պատերազմի եւ խայտառակ արդյունքների: Նրա համար միեւնույնն է, թե ինչ են անում Հայաստանի հետ, միայն թե ինքը մնա իշխանության ղեկին։ Նա երկիրը ղեկավարում է այնպես, ինչպես ժամանակին ղեկավարում էր «Հայկական ժամանակ» թերթը։ Հայաստանի իշխանություններն այդպես էլ ոչինչ չեն անելու, նրանք պատրաստ են ամեն գնով պահել իրենց աթոռները՝ ենթարկվելով ծաղրի միջազգային հանրության, ինչպես նաեւ Ադրբեջանի առջեւ»,- ընդգծեց փորձագետը։

Հայաստանի նոր իշխանությունները գրագետ մոտեցման դեպքում, խաղալով գերտերությունների հակասությունների վրա, փորձագետի համոզմամբ, կարող են երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից եւ ապահովել արցախահայության անվտանգությունը։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 44-օրյա պատերազմից հետո նա ակտիվորեն օգտվում է Ադրբեջանի վրա իր ուժեղացած ազդեցությունից։ Անկարան արդեն իսկ լուրջ ազդեցություն ունի ադրբեջանական բանակում, որը կտարածվի նաեւ այլ ոլորտներում։ Հենց դա տեղի ունենա, Անկարայի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ կփոխվի»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ