News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանում հուշանվերների եւ ոսկերչական իրերի վաճառքով զբաղվող ընկերությունները նախորդ տարվա անհաջողությունից հետո հույս ունեն, որ Աղթամարի Սուրբ Խաչի գմբեթին տեղադրված խաչն այս տարի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կբերի սեպտեմբերի 11-ի պատարագին։ Վանում գտնվող NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ Վանի գործարարների շրջանում բացակայում է նախորդ տարվա խանդավառությունը, սակայն որոշակի քայլեր արվում են գումար աշխատելու առիթը բաց չթողելու համար։

Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց առաջին անգամ 2011-ի սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ իրականացվեց, սակայն թուրքական իշխանություններն անհիմն պատճառներով հրաժարվեցին եկեղեցու գմբեթին խաչը տեղադրել մինչեւ պատարագ՝ պատճառաբանելով, թե չեն հասցնի։  Խաչն իր տեղում դրվեց պատարագից 10 օր անց։  Աշխարհով մեկ սփռված հայությունը չընդունեց թուրքական իշխանությունների այս կեղծ բարի կամքը եւ բոյկոտեց մասնակցել պատարագին։ Այս բոյկոտը սառը ցնցուղ էր թե թուրքական իշխանությունների, թե Վանի գործարարների համար։ Պատարագից ամիսներ առաջ Վանի գործարարները գումարներ էին ծախսել՝ պատարագի օրերին մեծ շահույթներ ստանալու հույսով, որոնք դարձան չարդարացված հույսեր։ Հայտնի են գործարարներ, ովքեր 40- 50 հազար ԱՄՆ դոլարի ոսկե եւ արծաթե հուշամեդալներ եւ զարդեր էին պատրաստել, որոնց վրա պատկերված է Աղթամարի Սուրբ Խաչը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ամենը մնաց իր տեղում՝ հայաստանցիների բացակայության պատճառով։

Վանի գործարարներն այս տարի հույս ունեն, որ հայաստանցի զբոսաշրջիկները կմասնակցեն Ս. Խաչի պատարագին, քանի որ Սուրբ Խաչի խաչն արդեն իր տեղում է՝ եկեղեցու գմբեթին։  Մասնավորապես մեծ աշխույժություն է նկատվում հուշանվերներ վաճառողների շրջանում, ովքեր ջանքեր չեն խնայում պատրաստել այնպիսի բաներ, որոնք կգրավեն հայ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Գործարարներից մեկը շապիկների վրա տպել էր Վանա կատվի պատկերը, սակայն գրված էր «Վան կատու»։ Գործարարն ամբողջ խմբաքանակը հետ էր ուղարկել՝ սխալն ուղղելու համար։

Հուշանվերների խանութի սեփականատերերից մեկը NEWS.am-ի թղթակցին ցույց էր տալիս իր խանութի հուշանվերները, որոնց վրա կրկին սխալ էր գրված թե կղզու անունը թե եկեղեցու անունը։  Խանութի սեփականատերը խնդրեց NEWS.am-ի թղթակցին գրել կղզու եւ եկեղեցու ճիշտ անունը թե հայերենով, թե թուրքերենով։ Գործարարը խոստացավ, որ այսուհետ հուշանվերների վրա կգրվի ճիշտ տարբերակը։ Նշենք, որ թուրքերը Աղթամար կղզին անվանում են «Աքդամար», իսկ Սուրբ Խաչ եկեղեցուն՝ «Աքդամարի եկեղեցի»։

Վանում հայտնի դարձավ, որ նախորդ տարի ստամբուլահայերին Վան տեղափոխած տուրիստական գործակալություններն այս տարի արդեն սկսել են հյուրանոցներում ամրագրումներ կատարել։

Նշենք, որ Սուրբ Խաչի խաչը տեղադրելուց հետո կրկնակի ավելացել է Աղթամարի կղզի այցելողների քանակը։  Օրինակ՝  ամբողջ 2010-ին Աղթամար էր այցելել 30 հազար զբոսաշրջիկ, իսկ այս տարվա առաջին 6 ամսում կղզի է այցելել ավելին քան ամբողջ 2010 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ