Հնդկաստանում ֆերմերը մահացել է՝ փորձելով փախչել զայրացած կապիկների խմբից, գրում է The Times of India-ն։ Փախչելով կենդանիներից՝ տղամարդն ընկել է տանիքից։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա տղամարդն աշխատելելիս է եղել իր տան տանիքում։ Նրա վրա հարձակվել են 30 կապիկներ՝ ստիպելով փախչել, ինչի հետեւանքով տղամարդն ընկել է տանիքից։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածին։ Տղամարդը երկու չափահաս որդի է թողել, ովքեր այժմ փորձում են գտնել կատարվածի մեղավորներին։
«Կառավարությունը պետք է ինչ-որ բան անի այս ուղղությամբ։ Ամեն օր հարյուրավոր կապիկներ հարձակվում են մեր տների եւ բերքի վրա»,- դժգոհել են նրանք:
Տեղի վարչակազմը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը։
Հրատարակությունը նշում է, որ կապիկների հարձակումները գնալով ավելի լուրջ խնդիր են դառնում Հնդկաստանում։