Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ։
«Մենք մտահոգված ենք տեղեկություններով այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է հարավային հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հորդորում ենք երկու կողմերին գտնել խաղաղ լուծում»,– ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:





























