Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը` նշելով, որ Սոթքի բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է:
«Ահավոր վիճակ է, սնարյադներն ընկնում են, ավերածություններ կան, բայց չգիտենք` որտեղ, ինչքան, Սոթքի զորամասի ուղղությամբ են կրակել, ասում են` այնտեղ էլ են վնասներ հասցրել: Գյուղում ջահելներն են մնացել, առավոտյան կտեսնենք` ինչ ավերածություններ են եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:




























