Ունենք ապացույցներ, որ Ադրբեջանի զինուժը կանխամտածված կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, մարդկանց տները հրետակոծվում են, այրվում են, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Առնվազն մեր տեղեկությունները հաստատում են, որ թիրախավորել են շտապօգնության ավտոմեքենան, հետևանքների մասին չունենք տեղեկություն, որ հարվածել են կամ վնասել են, առնվազն թիրախավորման վերաբերյալ ունենք ապացույցներ»,– ասաց Քրիստիննե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:





























